
Քանի օր կպահանջվի Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի վերականգնման համար․ աշխատանքները սկսվել են

Վրաստանի իշխանություններն սկսել են դեպի Ռուսաստանի սահման տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքները․ ճանապարհը վնասվել էր հորդառատ անձրևների պատճառով, ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչության լրատվական ծառայությունից։
«Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի վերականգնման աշխատանքները սկսվել են, ճանապարհահատվածը վնասվել էր Թերեք գետի՝ ափերից դուրս գալու հետևանքով։ Տեղում են նախարարության համապատասխան ներկայացուցիչները, ձեռնարկվում են բոլոր միջոցառումները , որպեսզի ճանապարհն ամենակարճ ժամկետում վերանորոգվի»,- նշել են գերատեսչությունից։
Ռուսաստանի հետ Վրաստանը միացնող ճանապարհի վնասված տեղամասի վերականգնման համար կարող Է մոտավորապես 7-10 օր պահանջվել: Այդ մասին էլ Sputnik Վրաստանին հաղորդել են Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտում:
Ավելի վաղ Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտնել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող «Կազբեգի» մաքսակետի աշխատանքը, քանի որ հորդառատ անձրևները վնաս են հասցրել դեպի մաքսակետ տանող միջպետական նշանակության ճանապարհին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյան էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Լարսը փակ է հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով՝ հավելելով, որ Թերեք գետի վարարման պատճառով վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը։
Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Վրաստանում տեղացած հորդառատ անձրևը մեծ վնասներ է հասցրել Մցխեթա-Մթիանեթի շրջանին, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի մոտ, վնասվել է նաև միջպետական ճանապարհը։ Երկուշաբթի օրվանից տեղի իշխանություններն սկսել են վերականգնողական աշխատանքները։