«Մենք չպետք է բանակցենք ընդդիմության հետ, որ նա կատարի իր օրենսդրական պարտականությունները»․ Կոնջորյան
Այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատասխանելով հարցին, թե ինչու է ՔՊ-ն որոշել գլխավոր դատախազի պաշտոնում չառաջադրել գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, այլ առաջադրել Աննա Վարդապետյանին, ասաց, որ սա քաղաքական թիմի որոշումն է, իրենք գտել են, որ տիկին Վարդապետյանի թեկնածությունը լավագույնն է. Ըստ այդմ, կայացրել են իրենց որոշումը:
«Թույլ տվեք համեմատություններ չանել, հարգում եմ բոլորի անցած ճանապարհը, կատարած գործողությունները ՀՀ քաղաքացիների եւ ժողովրդի շահյերին ծառայելու համար, բայց մեր որոշումն այս պահին սա է»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք իշխանության համար կարեւոր է, որ ընդդիմությունը եւս մասնակցի գլխավոր դատախազի ընտրությանը, եւ արդյոք բանակցելու են նրանց հետ, Կոնջորյանը պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ խորհրդարանական համակարգում ժողովրդավարության ոգին ու տրամաբանությունը հուշում է, որ կարեւոր է, որ խորհրդարանական բոլոր ուժերը մասնակցեն ԱԺ-ի աշխատանքներին, որովհետեւ քաղաքացիները հենց դրա համար են նրանց տվել մանդատը: Հետեւաբար, մեզ համար այո, կարեւոր է, որ բոլորը մասնակցեն:
ՀՀ նախագահի ընտրության ժամանակ, երբ ընդդիմությունը հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրությանը, ես անգամ իմ ելույթում դիմել եմ ընդդիմության ընտրողներին եւ ասել եմ՝ այո, դուք մեզ չեք ընտրել, ընտրել եք ընդդիմադիրներին, բայց արդյոք դուք ձեզ բավարարված զգում եք, որ չեք մասնակցում ՀՀ նախագահի ընտրության կարեւոր իրադարձությանը: Ես գտնում եմ, որ դա վատ գործողություն է եղել ընդդիմության կողմից: Նույնը ասում եմ հիմա: Մենք չպետք է բանակցենք ընդդիմության հետ, որ նա կատարի իր օրենսդրական պարտականությունները, մենք չպիտի բանակցենք ընդդիմության հետ, որ նա արդարացնի հարկատուների վճարած հարկերը, որ ընդդիմությունն ազնիվ գտնվի իր ընտրողների առջեւ եւ գա աշխատանքի այն բանի համար, որի համար ընտրողը լիազորել է:
Իսկ ընդհանուր առմամբ, այո, մենք կուզենանք, որ քաղաքակիրթ քննարկում լինի, որ լինի քաղաքակիրթ բանավեճ: Մենք դրա կարիքն ունենք որպես պետություն»:
Հայկ Կոնջորյանը նշեց, որ իհարկե, Աննա Վարդապետյանի թեկնածությունը քննարկել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ.
«Նա մեր քաղաքական ուժի առաջնորդն է: Մենք որպես քաղաքական թիմ, այս որոշումները քննարկելով ենք կայացնում»:
Հարցին, թե արդյոք Արթուր Դավթյանը հնարավոր է նշանակվի այլ պաշտոնում, նա պատասխանեց.
Նման քննարկում չի եղել, եթե քննարկում լինի, դրա մասին դուք, բնականաբար, կտեղեկացվեք»: