
Մարզերում «Եռաբլուրի» օրինակով կբարեկարգվեն Արցախյան պատերազմի զոհերի գերեզմանները

Հայաստանի մարզերում հուղարկավորված Արցախյան պատերազմի զոհերի տապանաքարերը ևս կպատրաստման ու տեղադրվեն պետության կողմից, այնպես, ինչպես դա արվեց Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Նման առաջարկությամբ հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հանրային հարթակում։
Նախագծի համաձայն` կպատրաստվեն ու կտեղադրվեն 67 տապանաքարեր, որոնցից 66-ը` Սիսիանում, 1-ը` Տավուշի մարզում։
Սիսիանի համայնքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 67 զոհվածներից 66–ը զոհվել են 44-օրյա պատերազմում, մեկը` Հայկ Սամվելի Քարամյանը, զոհվել է 2018 թվականին` մարտական հերթապահության ժամանակ։
Հայկ Քարամյանը հուղարկավորված է Սիսիանի գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված է նաև 44-օրյա պատերազմում զոհված Վահե Արսենի Քարամյանը։
Նշվում է, որ երկու զինծառայողների շիրմաքարերը մինչ օրս տեղադրված չեն, քանի որ նրանց ընտանիքները գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար հատուցման գումարներ չեն ստացել։
67 տապանաքարերի պատրաստման ու տեղադրման համար պետբյուջեից առաջարկվում է հատկացնել 77,5 մլն դրամ։
Տապանաքարերի պատրաստման ու տեղադրման համար հիմք է ընդունվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնի համար ձեռք բերված տապանաքարերի ձևն ու արժեքը։
Նախագիծն այսօրվանից դրվել է հանրային քննարկման։ Այն կառավարության հաստատմանը կներկայացի հունիսի 7-ից հետո։
2021թ-ի օգոստոսին ՀՀ պաշտպանության նախարարությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 1000 գերեզման էր բարեկարգել։ Նախատեսվող ծախսերը, նախարարության հաշվարկով, կազմել են շուրջ 1,5 մլրդ դրամ։