
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 37-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է Սևանա լճին հարակից ճահճուտում

Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։35-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Սևանա լիճ ավտոմեքենա է ընկել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 30 ջրափրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները Սևանա լճին հարակից ճահճուտից ջրափրկարարների հետ հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) միջոցով դուրս են բերել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Գարուշ Սաղաթելյանին պատկանող Օպել մակնիշի ավտոմեքենան։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, և երբ մեքենան հայտնվել է ճահճուտում, վարորդը կարողացել է ինքնուրույն դուրս գալ։