Քաղաքականություն

Մինչև հիմա 1 կգ ձուկ էլ չի արտահանվել ԵՄ․ գործարար

Մինչև հիմա 1 կգ ձուկ էլ չի արտահանվել ԵՄ․ գործարար

Հայաստանից Եվրոպական միություն մինչ այս պահը որևէ քանակի ձուկ կամ ձկնամթերք չի արտահանվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարել է գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանը՝ անդրադառնալով հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկա դուրս գալու հնարավորություններին։



Նրա խոսքով՝ ԵՄ շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ է երկու հիմնական պայման՝ արտադրանքի որակ և մրցունակ ինքնարժեք։



Գործարարը նշել է, որ չնայած Հայաստանի՝ ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու հնարավորության մասին հայտարարություններին, իրական արտահանում դեռևս չի իրականացվել։



«Մինչև հիմա գոնե 1 կգ ձուկ Հայաստանից Եվրոպա չի արտահանվել՝ խոսքը և՛ սառեցված, և՛ պաղեցված ձկան մասին է, էլ չեմ ասում՝ թարմ ձկան։ Երբ Եվրոպան թողնի գոնե 1 կգ արտահանեն, ես միայն ուրախ կլինեմ, կգովաբանեմ մեր իշխանության քայլերն ու գործողությունները»,– ասել է Մնացականյանը։


Նրա գնահատմամբ՝ հայկական ձկնամթերքի հիմնական խնդիրներից մեկը որակն է։ Գործարարը, սակայն, չի մանրամասնել՝ արդյոք խնդիրը կապված է ջրի որակի, կերի կամ այլ գործոնների հետ՝ նշելով, որ իր կարծիքով՝ ներկայիս պայմաններով հայկական ձուկը դժվարությամբ կարող է մրցակցել եվրոպական շուկայում։



Մնացականյանը նաև անդրադարձել է ինքնարժեքին՝ նշելով, որ միայն դեպի ԵՄ տեղափոխման ծախսերը կարող են մեկ բեռնատարի համար ավելացնել մի քանի հազար եվրոյի լրացուցիչ ծախս։



Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Հայաստանը ստացել է Եվրոպական հանձնաժողովի թույլտվությունը՝ հայկական արտադրության ձուկ և ձկնամթերք ԵՄ շուկա արտահանելու համար։ Ըստ պաշտոնական տվյալների՝ մի շարք հայկական ընկերություններ հետաքրքրված են այդ ուղղությամբ։



Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ ոլորտի ներկայացուցիչների մի մասը կարծում է, որ եվրոպական շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ է ոչ միայն թույլտվություն, այլև արտադրանքի որակի և գնային մրցունակության բարձրացում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250