Երևանի թիվ 166 դպրոցի բակում 16 և 17 տարեկան աղջիկները դանակով սպառնացել են սպանել 71-ամյա կնոջը

Ապրիլի 23-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 71-ամյա Լյուդմիլա Ա.-ն հայտնել էր, որ ժամը 19.40-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի թիվ 166 դպրոցի բակում նկատել է, որ երկու աղջիկ դանակով սպառնում են մի երեխայի: Ինքը մոտեցել է, որ կանխի միջադեպը, սակայն նրանք դանակով սպառնացել են, որ կսպանեն իրեն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սպանության սպառնալիքի կասկածանքով, Մառի փողոցից բերման են ենթարկել 16 և 17 տարեկան աղջիկներին, որոնք տվել են խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Դավիթ Առուշանյան ընտանիքի մտերիմ Արամ Գեւորգյանը ֆեյսբուքյան եթերում պատնել է, որ ինչ-որ աղջնակ հարձակվել է Արցախի հերոսի մոր՝ ոմն տիկին Լիդայի վրա: 

 

«Ապրիլի 23-ի երեկոյան տիկին Լիդան տուն վերադառնալիս ինչ-որ լակոտ՝ 9-րդ դասարանի աղջիկ, դանակով սպառնացել է նրան: Տուն վերադառնալիս արդեն իրենց թաղերում դիմացից 2 հոգի են գնում, և այդ տարածքում կա շենք, որտեղ բնակվում են Արցախից տեղահանված մարդիկ: Տիկին Լիդան 3 մետր հեռավորությամբ է գնում և լսում է, որ նրանցից մեկը հայհոյախառն արտահայտություններով ասում է, որ ղարաբաղցիները եկել, լցվել են, պետք է հանել, ռադ անել: 

Տիկին Լիդան նկատողություն է անում, ասում է՝ չի կարելի, լավ օրից չէ, որ այդ մարդիկ եկել են: Դրանից հետո աղջիկը հանում է բավական մեծ դանակ, սպիտակ պոչով ու հարձակվում տիկին Լիդայի վրա, թե՝ ա՛յ պառավ, դու ո՞վ ես, որ ինձ տենց բան ասես, դու գիտե՞ս, թե իմ հերն ով է, վիզդ կկտրեմ, գլուխդ կկտրեմ, տնեցիքիդ տեղը կիմանամ, կտոր-կտոր կանեմ: Տիկին Լիդան ասում է՝ պայուսակով պաշտպանվում եմ, որ դեմքս չվնասի»,-պատմել է Արամ Գևորգյանը և հավելել, որ դեպքը եղել է Նոր Նորքի 5-րդ զանգվածում, և որ դանակով հարձակվող աղջկա ընկերուհին նրան քաշում, տանում է։ 

 Ըստ Արամ Գևորգյանի՝ դեպքից հետո տիկին Լիդան զանգում է ոստիկանություն, ոստիկաններին տանում տեղը ցույց է տալիս, իսկ ավելի ուշ պարզում, որ աղջիկները թիվ 166 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ են՝ Էլենը և Ջեմման: