Հասարակություն

Շոգին գազավորված ու էներգետիկ ըմպելիքներ․ ինչ հետևանքներ կթողնեն ամռանը շատ օգտագործելիս

Շոգին գազավորված ու էներգետիկ ըմպելիքներ․ ինչ հետևանքներ կթողնեն ամռանը շատ օգտագործելիս

Ամառային շոգ օրերին շատերը նախընտրում են սառը գազավորված և էներգետիկ ըմպելիքներ՝ կարծելով, որ դրանք արագ հագեցնում են ծարավը, թարմացնում և ուժ են հաղորդում։ Սակայն մասնագետները զգուշացնում են՝ նման ըմպելիքները չեն կարող փոխարինել ջրին և որոշ դեպքերում կարող են լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը։



Թեմայի շուրջ MediaHub.am-ի հետ զրույցում⁠ թերապևտ Լամարա Մանուկյանը նշել է, որ շոգ եղանակին հատկապես քաղցր գազավորված ըմպելիքները ցանկալի չէ օգտագործել։



Մասնագետի խոսքով՝ դրանք չեն հագեցնում իրական ծարավը, ավելին՝ կարող են ուժեղացնել ծարավի զգացողությունը։



«Շոգ եղանակին ընդհանրապես խորհուրդ չի տրվում օգտագործել գազավորված քաղցր ըմպելիքներ, քանի որ դրանք չեն հագեցնում ծարավը և կարող են ավելի ուժեղացնել այն։ Ծարավը հագեցնելու համար պետք է խմել մաքուր ջուր»,– ասել է Մանուկյանը։



Նա նշել է, որ շոգի պայմաններում օրգանիզմը մեծ քանակությամբ հեղուկ է կորցնում, իսկ ջրազրկման դեպքում արյունը կարող է ավելի խտանալ, ինչն ավելացնում է օրգանիզմի ծանրաբեռնվածությունը։



Անդրադառնալով էներգետիկ ըմպելիքներին՝ թերապևտը նշել է, որ դրանք ևս խորհուրդ չի տրվում օգտագործել, հատկապես բարձր ջերմաստիճանի պայմաններում։



Ըստ նրա՝ շատերը կարծում են, թե էներգետիկ ըմպելիքները բարձրացնում են աշխատունակությունը, սակայն իրականում կարող են հակառակ ազդեցությունն ունենալ։



«Շոգ եղանակին օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել այդ լրացուցիչ էներգիան։ Արևի տակ ֆիզիկական աշխատանք կատարելիս մարդն ավելի արագ է հյուծվում, և նման ըմպելիքները չեն լուծում խնդիրը»,– նշել է բժիշկը։



Մասնագետը նաև ընդգծել է, որ էներգետիկ ըմպելիքները կարող են լրացուցիչ ծանրաբեռնել սրտանոթային համակարգը, քանի որ շոգ եղանակին սիրտն արդեն աշխատում է բարձր լարվածությամբ



Լամարա Մանուկյանի խոսքով՝ երիտասարդների շրջանում նման ըմպելիքների օգտագործումն ավելի տարածված է, և հենց հաճախակի օգտագործումն է խնդիրների պատճառ դառնում։



«Երիտասարդները ոչ թե ավելի խոցելի են, այլ պարզապես ավելի հաճախ են օգտագործում դրանք։ Շատերը կարծում են, թե էներգետիկը կօգնի ավելի եռանդուն լինել, բայց արդյունքում կարող են ավելի արագ հոգնել»,– ասել է նա։


Թերապևտը նշել է նաև, որ գազավորված և էներգետիկ ըմպելիքները դասական իմաստով կախվածություն չեն առաջացնում, սակայն կարող են ձևավորել դրանք կրկին օգտագործելու ցանկություն։



Մասնագետի հիմնական խորհուրդը՝ ամռանը հեղուկի պակասը լրացնել սովորական ջրով, իսկ գազավորված և հատկապես էներգետիկ ըմպելիքների օգտագործումը հնարավորինս սահմանափակել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250