
ԱԺ պատգամավորի որդին մետաղաձողով հարվածել է գազալցակայանի տնօրենին

Ձերբակալվել է Երևանի բնակիչ 27-ամյա Շանթ Բագրատյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` վերջինս կասկածվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ Լրատվականի տեղեկություններով՝ Շ․ Բագրատյանը Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է, ով «ԷԿՕ ՕԻԼ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Նա հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում։ Շանթ Բագրատյանը տեղափոխվել է ոստիկանության Վայոց Ձորի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Քննիչը դիմելու է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի 2-ամսյա կալանքի որոշում կայացնի պատգամավորի որդու նկատմամբ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ապրիլի 2-ին ժամը 17:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մուտք են գործել Վայք քաղաքի սկզբնամասում գտնվող «Թամսար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տնօրեն, 45-ամյա Վահե Ասատրյանի աշխատասենյակ և առանց որևէ պահանջ ներկայացնելու ծեծի են ենթարկել, իսկ նրանցից մեկը ձեռքին եղած մետաղական ձողով հարվածներ է հասցրել Վ. Ասատրյանին, ապա դիմել են փախուստի: Գազալցակայանի տնօրեն Վ. Ասատրյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց: