Պնդումները հիմնավոր չեն. ԿԳՄՍ նախարարը` մարզիկներին ֆինանսական աջակցություն չտրամադրելու մասին

Պնդումները, թե հայ մարզիկները պետությունից աշխատավարձ և ֆինանսական աջակցություն չեն ստանում, հիմնավոր չեն: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

 

«Դրանք չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց նախարարը:

 

ԿԳՄՍ նախարարությունը, մարզիկների պնդումներին ի պատասխան, երեկ հանդես էր եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով ԿԳՄՍՆ-ի կողմից ըմբիշներին հատկացված ֆինանսական միջոցները 2021 թ. և 2022 թ. առաջին եռամսյակներում:

Ըստ նախարարության հրապարակման՝ 2022 թվականի առաջին եռամսյակում մարզիկներ Արսեն Հարությունյանն արդեն իսկ ստացել է ավելի քան 1 մլն դրամ, Սլավիկ Գալստյանը՝ 720 հազար, իսկ Վազգեն Թևանյանը՝ 540 հազար դրամ:

 

Անդրադառնալով մարզիկների վնասվածքների բուժման խնդրին՝ նախարարությունը շեշտել էր՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային 12 մլն դրամ է հատկացվել՝ դեղորայքի, հավելումների և վիտամինների ձեռքբերման համար: Մարզիկների բուժզննման և վնասվածքների բուժման ապահովմամբ զբաղվում է «Սպորտային բժշկության կենտրոն»-ը, որը 2021 թվականից գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության ներքո: