ԿԳՄՍ-ն հայտարարում է` ըմբիշներին գումարները վճարվել է. մարզիկը հակադարձում է` ներկայացված գումարները ստացել ենք 2020-ին
Ինչպես արդեն հայտնել էինք` Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները վերջին շրջանում բարձրաձայնում են մարզաձևում առկա մի շարք և մասնավորապես ֆինանսական խնդիրների մասին: ԿԳՄՍ-ն հրապարակել է պաշտոնական որոշ տվյալներ ըմբիշներին տրամադրված ֆինանսական հատկացումների վերաբերյալ:
Հայտարարությունում մասնավորապես ասված է.
- 2021 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացված տարբեր ծրագրերի արդյունքում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր և Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արսեն Հարությունյանը ստացել է 14 մլն 851 հազար դրամ:
- Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանի պարագայում այդ գումարը 2021 թվականի կտրվածքով կազմել է 14 մլն 475 հազար դրամ:
- Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը ստացել է 8 մլն 214 հազար դրամ:
- Վազգեն Թևանյանը ստացել է 5 մլն 558 հազար դրամ:
- Սլավիկ Գալստյանը ստացել է ավելի քան 5 մլն դրամ:
2022 թվականի առաջին եռամսյակում Արսեն Հարությունյանն արդեն իսկ ստացել է ավելի քան 1 մլն դրամ, Սլավիկ Գալստյանը՝ 720 հազար, իսկ Վազգեն Թևանյանը՝ 540 հազար դրամ:
Ինչ վերաբերում է ըմբիշների բարձրաձայնած մյուս՝ վնասվածքների բուժման խնդրին, ապա նշենք, որ մարզիկների բուժզննման և վնասվածքների բուժման ապահովմամբ զբաղվում է «Սպորտային բժշկության կենտրոնը», որը 2021 թվականից գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության ներքո: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային 12 մլն դրամ է հատկացվել՝ դեղորայքի, հավելումների և վիտամինների ձեռքբերման համար»:
Ըստ ԿԳՄՍ-ի` Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի՝ 2022 թվականի ֆինանսավորումը 338 մլն 320 հազար դրամ է կազմում: ԿԳՄՍ նախարարությունն այս գումարը հատկացնում է տարվա ընթացքում ներքին մրցումների կազմակերպման, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի առաջնություններին պատշաճ նախապատրաստության և մասնակցության համար:
Ազատ ոճի ընբշամարտի չեմպիոն Արսեն Հարությունյանն էլ ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ԿԳՄՍ-ի հայտարարությանը, որով գերատեսչությունը պնդում էր, թե վճարել է ըմբիշներին.
«ԿԳՄՍ-ի տված «պարզաբանման» մեջ ներկայացված գումարները մենք ստացել ենք 2020թ. Հարությունյանի և Թամրազյանի առաջարկով՝ կառավարության ընդունած որոշման հիման վրա: Այդ որոշման ժամկետը լրացել է 2021թ. դեկտեմբերին, ինչի մասին էլ մենք բարձրաձայնում ենք: Ամո՛թ է»,- գրել է ըմբիշը:
Հիշեցնենք` Auroranews-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է, 2021 թ-ի արդյուքներով նվաճում ունեցող մարզիկները ստանում են անվնական թոշակ, նպաստ, հավելավճարներ, լավագույն 10-ակի համար եւ տարեվերջյան գումար: