«Ադրբեջանը փոձում է գործընթացը փակուղի մտցնել». Փաշինյան
Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները եւ այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ եւ շփումներ: Այս տեղեկատվության հրապարակումից հետո մեր հասցեին հնչեց քննադատություն, թե մենք փաստորեն հրաժարվել ենք ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու գաղափարից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովում ունեցած իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրականությունը մի փոքր այլ է: Մենք այդ գաղափարից չենք հրաժարվել, բայց նաեւ գիտեք, որ Ուկրաինայի իրադարձությունների բերումով համանախագահության ներսում հարաբերությունները ծայրաստիճան լարված են: Ի դեպ, այդ լարվածությունը սկիզբ էր առել դեռ 2011 թվականին՝ Սիրիայի իրադարձություններից, ինչը անխուսափելիորեն ազդեցություն ունեցավ մեր տարածաշրջանային զարգացումների վրա: Եւ հիմա էլ, այդ լարվածությունը հաշվի առնելով, մենք չենք կարող պասիվ սպասել համանախագահության գործողություններին, մյուս կողմից երկկողմ խոսակցությունների մեկնարկը որեւէ կերպ չի արգելում համանախագահության ներգրավումը գործընթացում»,- ընդգծեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ գործընթացի նախապատրաստությունը պետք է մեկնարկել անհետաձգելիորեն եւ պետք է հուսալ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունները կկարողանան տրված հանձնարարականները պատշաճ ժամկետում կատարել: Վարչապետի խոսքով՝ կարեւոր է արձանագրել, որ այսօր ողջ միջազգային հանրությունը գործընթացին աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում եւ այս պատեհությունը պետք է իսկապես օգտագործել:
«Չնայած՝ անզեն աչքով էլ նկատելի է խաղաղության օրակարգի մի շարք հարցերում միջազգային գործընկերների անմիջական ներգրավվածությունը: Գիտեք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խումբ է գործում՝ փոխվարչապետերի համանախագահությամբ: Սա չի խանգարում, որ այս հարցը մենք քննարկենք նաեւ ԵՄ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Վրաստանի մեր գործընկերների հետ: Նաեւ՝ Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվեցինք ակտիվացնել եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները»,- նշեց ՀՀ կառավարության ղեկավարը:
Փաշինյանը նկատեց՝ Ադրբեջանն այստեղ էլ է փորձում գործընթացը փակուղի մտցնել, ճանապարհների բացման հարցում մեր շահագրգռությունը փորձ անելով վերածել միջանցքային խոսակցության:
«Բայց ինչպես բազմիցս արձանագրել եմ, այս մոտեցումը բացարձակապես անընդունելի է մեզ համար: Ուշադրության է արժանի այն փաստը, որ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգը իրականացնել այնպես, որ դրա արդյունքում Հայաստանի շրջափակումը ոչ թե հաղթահարվի, այլ ընդհակառակը՝ ավելի խորանա: Կամ էլ՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության նոր հիմնավորում դառնա: Այս է պատճառը, որ մենք այս հարցում պիտի ցուցաբերենք մաքսիմալ ճկունություն՝ միեւնույն ժամանակ հստակ պաշտպանելով մեր սկզբունքային դիրքորոշումներն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- եզրափակեց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
«Մենք այլ ելք չունեինք». Պուտինը` ռազմական գործողությունների մասին
Ուկրաինայում սնուցվող հակառուսական ուժերի հետ բախումն անխուսափելի էր, պարզապես ժամանակի հարց էր։ Նման կարծիք է հայտնել Ռ...
«Մենք տեղյա՞կ ենք ԱՄՆ Կոնգրեսում պատրաստվող այսպես կոչված ցեղասպանության մասին օրինագծից». թուրք վերլուծաբան
Թուրքական «HaberTurk» լրատվամիջոցի վերլուծաբան Քյուրշադ Զորլուն իր սյունակում անդրադարձել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության...
«Ես պատրաստ եմ Արցախի դրոշը տեղադրել ձեր գլխին՝ ձեր նախընտրած հատվածում». Զոհրաբյանը` ՔՊ-ական պատգամավորին
Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես պատրաստ եմ դրոշը տնկել այս գլխին Էս մարդը, ո...
«Ծանրագույն երկընտրանքի առջև ենք կանգնած». Վիգեն Խաչատրյան
«Ծանրագույն երկընտրանքի առջև ենք կանգնած, ըստ իս՝ պետք է ողջունել վարչապետի անկեղծ մտորումները ժողովրդի հետ»,-Ազգային ժո...