Կրկնում եմ՝ եթե մնացին բարձունքի հակառակ կողմում, պայմանավորվածություն ունեն. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանցի դիվանագետներն ու պաշտոնյաները չեն թաքցնում, թե ինչ ռազմավարական նշանակություն ունի Քարագլուխի բարձունքի վերահսկողությունը։ Արդեն հայտնի է, որ եթե թուրքերը մնան այնտեղ, ապա հարակից հայկական գյուղերի մնալն այնտեղ, մեղմ ասած, կասկածի տակ է։ Բայց իրենք խորամանկորեն դրա մասին չէ, որ ասում են միջազգային լսարանում ու զրուցակիցներին։ Նրանք ասում են, որ այդ բարձունքներից վերահսկելու են Ստեփանակերտ-Խոջալու-Ակնա (Աղդամ և Ստեփանակերտ-Մարտունի) Ագդերե ուղղությունների ավտոճանապարհները։ 

 

Ըստ որում՝ բարձունքի կարևորության համար չեն թաքցնում Աղդամի շինարարությունն ու վերակառուցումը։ Ալիևն անգիր գիտի, որ չավարտված պատերազմի պայմաններում քաղաքի վերակառուցումը ռիսկի տակ կլինի, եթե այն լինի Քարագլխի նման ռազմավարական բարձունքի ափի մեջ ու եթե այնտեղ իր զորքը կանգնած չլինի։ Որքան էլ Ալիևը հաստատել է Ակնայի գլխավոր պլանը, պարտադրել փողատերերին մասնակցել դրա կյանքի կոչմանը, բարձունքի հարցը սպառնալիք է... Մյուս կողմից էլ ռուսական կողմը կարծես թե խնդիր ունի Ակնայի վերակառուցման ու վերաբնակեցման հետ, կոնկրետ Խոջալուի հատվածում ու Ադրբեջանի նման ռազմավարական-ռազմական առավելության հասնելու դեպքում... Ու սա, կարծում եմ, չի բարձրաձայնվում։ Այստեղ է բացատրություն պահանջում ռուսական կողմի կատարած անբացատրելի քայլը՝ զորքերի հայելային ետքաշման առաջարկը, որը հայկական կողմն արեց, իսկ ադրբեջանական կողմն առաջ եկավ մինչև Քարագլխի հակառակ երեսը՝ պայքարելով ամբողջ բարձունքի համար։ Եթե այնպես ստացվեց, որ ռուսական կողմը թողեց, որպեսզի ադրբեջանական կողմը հաստատված մնա Քարագլխի թեկուզ հակառակ կողմում, նշանակում է ռուսական ու ադրբեջանական կողմերն Աղդամի/Ակնայի վերաբերյալ որոշակի կոնսենսուսի են եկել, ու որոշակի բեմադրությամբ դա ցանկանում են կյանքի կոչել. ռուսական կողմի պահանջով գյուղը «հետ է վերադարձվում», բուն բարձունքը չի զիջվում Ադրբեջանին, ռուսական կողմը հայտարարում է, թե ադրբեջանական ուժերը ետ քաշվեցին գյուղից (ծափեր հայկական կողմում), ադրբեջանական կողմը հակադրվում է, թե հետ չի քաշվել բարձունքներից (ծափեր ադրբեջանական կողմում), շահում են բոլորը, բացի հայկական կողմը... 

 

Քիչ մնաց հասկանալու համար, թե արդյոք այս դեպքի հետ գործ ունենք: Կրկնում եմ՝ եթե մնացին բարձունքի հակառակ կողմում, պայմանավորվածություն ունեն...»: