Հայ բռնցքամարտիկները հաղթել են թուրք ու ադրբեջանցի մարզիկներին և դուրս եկել եզրափակիչ

Երկու հայ բռնցքամարտիկ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակչում է: Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում իրար հետևից նույն ռինգում Ռուսլան Ասլիկյանն ու Արթուր Շախպազյանը մենամարտեցին թուրք ու ադրբեջանցի բռնցքամարտիկների հետ: Առաջինը գեղեցիկ հաղթանակ տոնեց 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, որը առավելության հասավ թուրք Տահիր Ակոյունի նկատմաբ: Առաջին ռաունդում մրցավարները 4:1 հաշվով առավելությունը տվեցին մրցակցին, բայց 2-րդ և 3-րդ ռաունդներում Ասլիկայնը փոխեց մարտավարությունն ու բեկեց մենամարտի ընթացքը: 

 

Հատկապես տպավորիչ էր մեր մարզիկի մենամարտը 3-րդ ռաունդում: Նա շատ մոտ էր նաև նոկաուտով հաղթանակի: Գերկամային հաղթանակ տոնեց նաև 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը: Ադրբեջանցի Ջալալ Գուրբանովի հետ մենամարտում մեր մարզիկը առաջին ռաունդում ձախ կողային ուժգին հարված բաց թողեց և մրցավարը հաշիվ բացեց: Շախպազյանը արագ հասկացավ սխալն ու լսելով նաև մարզիչներին զրկեց մրցակցին ձախով հարվածներ կատարելու հնարավորությունից: 2-րդ ռաունդում նախաձեռնողի դերում արդեն հայ մարզիկն էր: Նա ավելի շատ էր հարվածում, իսկ մրցակիցը պարզապես փախնում էր ռինգում, կամ բռնում  Արդյունքում Շախպազյանը 4:1 հաշվով շահեց ռաունդը: 3-րդ վճռորոշ ռաունդում մեր բռնցքամարտիկը ավելացրեց ճնշումը ու գերկամային ֆանտաստիկ հաղթանակ տոնեց:

 

Այսպիսով Հայաստանն ունի եզրափակչի երկու մասնակից:

Կանանց պայքարում 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը նվաճել է բրոնզե մեդալ: