
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ ինչ է կատարվել երեկ

Երեկ, փետրվարի 23-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լեռնապատ գյուղում՝ Արամայիս Աբազյանի խանութի մոտ, կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 21։20-ի սահմաններում Լեռնապատ գյուղի բնակիչ՝ 75-ամյա Արամայիս Աբազյանը, ով, կայքի տեղեկություններով, աշխատում է Վանաձորի անտառտնտեսությունում՝ որպես անտառապահ և «Արամայիս Աբազյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն, ոստիկաններին հայտնել է, որ ժամը 17։50-ի սահմաններում Լեռնապատ գյուղի 11-րդ փողոցի 1-ին հասցեում գործող մթերային խանութ են եկել համագյուղացիներ՝ 68-ամյա Արշալույս Աբազյանը և Արամայիս Եսայանը, ում ինքնությունը ոստիկանները պարզում են։
Այնտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց և իր միջև, որի ժամանակ էլ Արշալույս Աբազյանը Նիվայի միջից վերցրել է զենքը և մի քանի անգամ օդ կրակել։ Ոստիկանները կատարվածի մասին զրույց են ունեցել նաև վաճառողուհի՝ Լեռնապատ գյուղի բնակիչ, 55-ամյա Վարդուշ Շուշանյանի հետ։ Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են կրակված պարկուճներ, իսկ կասկածյալ Արշալույս Աբազյանը հայտնաբերվել է իր տանը։ Նա եղել է ոչ սթափ վիճակում և ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ա. Աբազյանի որդին՝ Լեռնապատ գյուղի բնակիչ, 41-ամյա Կարեն Աբազյանը, ինքնակամ ոստիկաններին է ներկայացրել «ՍԿՍ» տիպի 7.62 մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրացան։ Հայտնաբերվել նաև Նիվա մակնիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։