
Եթե գինեկոլոգը չի ստուգել իմ երեխուն, էդ ի՞նչ մի շուխուր է արել. 4-ամյա երեխայի հայրը՝ բռնության մասին ահազանգած բժշկուհու մասին

Նախօրեին «Վիգ Մոր» կլինիկա տեղափոխված մարզերից մեկի բնակիչ 2018–ին ծնված Ռ. Ն-ն բռնության չի ենթարկվել:
Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց երեխայի հայրը:
«Ոչ մի կապտուկ չկա երեխուս վրա։ Այդ երեխան իմ աչքի առաջ է եղել ամբողջ օրը, ընդհանրապես տնից դուրս չի եկել, երեք տարեկան երեխային ուր կարող ես թողնել կամ ուր կարող է գնալ: Ինքը աղիների հետ խնդիր ուներ, դժվար էր դուրս գալիս։ Մի անգամ եղել էր՝ անցել էր, իրեն-իրեն, բանի տեղ չէինք դրել։ Երկրորդ անգամ, որ դուրս է եկել, հետեւի շրջանում ցավեր ուներ: Իրականում երեխեն հետանցքի ճաք ունի, բուժման կարիք ունի, հետաքրքրվեցի՝ ուր տանեմ, խորհուրդ տվեցին այդ կլինիկան, գնացինք: Ստուգեցին, ասացին՝ հաջորդ օրը մի հատ մաշկաբանն էլ նայի։ Էդ բժշկուհին զանգեց, ասաց՝ էս ինչ ժամին եկեք, մաշկաբանը ձեզ է սպասում։ Գնացինք, մաշկաբանը չկար, սպասեցինք, այդպես էլ չեկավ։
Մեզ ասացին՝ պետք է հաղորդենք ոստիկանությանը, հարցնում եմ՝ ինչի համար հաղորդեք, մենք խնդիր չենք տեսնում: Ոստիկանությունից ինձ զանգեցին, ասացի՝ այդ բժիշկները ոչ մի բան չեն հասկանում։ Ես երեկ էլ, առաջի օրն էլ իրենց մոտից դուրս եկա, հինգ հատ հիվանդանոց եմ մտել, իմ երեխուն նայել են։ Բոլոր թղթերն ունեմ, որ հերքել են իրենց ասածները։ Ես հիմա մարդկանց ասել եմ, որ զբաղվում են կոնկրետ այդ բժշկուհու հարցով, որ սխալ տեղեկություն է տարածել, մեզ գցել սենց պատմության մեջ: Այդ բժշկուհին գինեկոլոգ չէր, ուրիշ բժիշկ էր, իմ երեխուն գինեկոլոգ ընդհանրապես չի նայել, ոչ մի զննություն չի անցել։ Հեսա ես գնալու եմ իրենցից պահանջեմ գրավոր եզրակացություն, տեսնեմ՝ եթե գինեկոլոգը չի ստուգել իմ երեխուն, ինքն էլ էդ մասնագետը չի, էդ ի՞նչ մի շուխուր է արել ու տարածել: Ես երեկ Մարդու իրավունքների պաշտպանին էլ եմ զանգել, իրենց էլ եմ տեղեկացնելու: Լրիվ սուտ տեղեկություններ են տարածել»,-ասաց հայրիկը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր էին նախապատրաստվել փետրվարի 21-ին Երևանում գործող «Վիգ Մոր» կլինիկայից ստացված ահազանգի փաստով։ Նշված կենտրոնից հայտնել էին, որ «այրունազեղումներ, կապտուկներ, բաց վերքեր վոլվայի շրջանում, հետանցքի շուրջ արյունազեղումներ, կապտուկներ և հետանցքի ճաք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ պարզել էին, որ տեղափոխվածը Հայաստանի մարզերից մեկի բնակչուհի՝ 4-ամյա Ռ-ը․ Ն-ն է։ Ոստիկաններին կլինիկայի մանկաբույժը հայտնել էր, որ չի բացառվում, որ երեխան նշված վնասվածքները ստացած լիներ արտաքին ներգործության և բռնության արդյունքում։