Ավարտվեցին Պեկինի օլիմպիական խաղերը․ հրապարակվել են արդյունքները

Պեկինում ավարտվեցին 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը, որտեղ մեդալային հաշվարկում ինչպես 2018-ի խաղերի ժամանակ, հաղթեց Նորվեգիայի օլիմպիական հավաքականը, որը նվաճեց 16 ոսկե, 8 արծաթե և 13 բրոնզե մեդալ, ընդհանուր 37 մեդալ։

 

Թիմային հաշվարկում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Գերմանիայի հավաքականը, որը նվաճեց 12 ոսկե, 10 արծաթե և 5 բրոնզե մեդալ, ընդհանուր՝ 27 մեդալ։ Ի դեպ, գերմանացիները երկրորդն էին նաև 2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ։

 

Մեդալային հաշվարկում լավագույն եռյակը եզրափակեց Օլիմպիական խաղերն ընդունող երկիրը՝ Չինաստանը, որի մարզիկներն իրենց հավաքականի համար նվաճեցին 9 ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ, ընդհանուր 15։

 

Լավագույն տասնյակում են նաև ԱՄՆ-ի, Շվեդիայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի և Ֆրանսիայի հավաքականները։ Ի դեպ հարկ է նշել, որ նվաճած մեդալների քանակով (32) Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականը երկրորդն է, սակայն ընդհանուր հաշվարկում ամենաառաջնայինը ոսկիների քանակն է, իսկ ռուսների մոտ ոսկե մեդալների թիվը 6 է, այդ պատճառով էլ թիմային հաշվարկում նրանք ընդամենը 9-րդն են։

 

Ընդհանուր առմամբ, 2022թ․ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցող 91 երկրների հավաքականներից մեդալներ նվաճեցին 27-ը։

Հայաստանի հավաքականի անդամներից Միքայել Միքայելյանը 30 կմ սկիաթլոնում 70 դահուկավազորդների մեջ զբաղեցրեց 47-րդ հորիզոնականը, իսկ 15 կմ դահուկավազքում (դասական ոճ) 99 մարզիկների մեջ նա 61-րդն էր։ Դահուկավազորդ Կատյա Գալստյանը սպրինտում (1500 մ) 91 մասնակիցների մեջ 80-րդն էր։ Դահուկավազքի (դասական ոճ) 10 կիլոմետրում Կատյա Գալստյանը 98 մասնակիցների մեջ զբաղեցրեց  74-րդ, իսկ Անգելինա Մուրադյանը 94-րդ հորիզոնականը։ Գեղասահքի պարային զույգերի մրցաձևում էլ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը 20 պարային զույգերի մեջ։

 

Հավելենք, որ 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2026 թվականի փետրվարին իտալական Միլան և Կորտինա դ՛Ամպեցո քաղաքներում։