Օնիկ Գասպարյանը հարցաքննվե՞լ է. «Փաստինֆո»

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Օնիկ Գասպարյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը չի հերքել տեղեկությունը, բայց նաև զերծ մնացել պաշտոնապես հաստատելուց։

 

Հակակոռուպցիոն կոմիտեն ևս չի հերքել՝ հրաժարվելով որևէ մեկնաբանությունից, գրում է լրատվականը։

 

Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Մովսես Հակոբյանը աղմկահարույց հայտարարություններ էր արել՝ նշելով, որ պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և հանձնարարել առաջնագիծ ուղարկել կամավորականներին: Նա ընդգծել էր, որ իր խոսքերը որևէ մեկը հերքել չի կարող, քանի որ կան ձայնագրություններ։

 

Ասուլիսում հնչեցված հայտարարությունների առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը: Նույն քրեական գործի շրջանակներում քննության առարկա են իշխանությունների կողմից առերևույթ պետական դավաճանության, ՀՀ տարածքային ամբողջականության խախտման մասին հաղորդումները, որի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ ԶՈՒ ներկայիս ԳՇ պետ Արտակ Դավթյանը, նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ այլ զինվորականներ։

 

Քաղաքականություն