Ղազախստանի ճգնաժամը իրենից ներկայացնում է արտաքին քաղաքականության մեջ թուրքական ազգայնականության պարտություն

Al-Monitor. Ղազախստանյան ճգնաժամը իրենից ներկայացնում է արտաքին քաղաքականության մեջ թուրքական ազգայնականության պարտություն

Թուրքիայի համար 2022 թվականը դաժան սկիզբ ունեցավ։ Նրա արտաքին քաղաքականությունը, որը հաղթական եւ շատ արդյունավետ էր թվում 2021 թվականին, նոր տարվա ծանր մեկնարկ է ապրում՝ արժույթի փլուզման եւ երկրի ներսում աճող ինֆլյացիայի պայմաններում, Al-Monitor-ի իր հոդվածում գրում է Չենգիզ Չանդարը։ Փոխանցում է news.am-ը:

 

«Հունվարի 2-ին Ղազախստանում բռնկված աննախադեպ եւ կատաղի ցույցերը բացահայտեցին Թուրքիայի ագրեսիվ արտաքին քաղաքականության թերությունները, թերեւս, ավելի վառ, քան վերջին երեք տարիների ցանկացած այլ միջադեպ։ Տարօրինակ կերպով, Թուրքիայում այս բողոքի ակցիաները գրեթե չարժանացան պատշաճ ուշադրության՝ երկրում տիրող ծայրահեղ ծանր ներքաղաքական եւ ֆինանսական իրավիճակի պատճառով:

2020 թվականին Թուրքիայի ռազմաքաղաքական դերը փոխեց Լիբիայի քաղաքացիական պատերազմի ընթացքը՝ հօգուտ Տրիպոլիում տեղակայված ուժերի: Թուրքիան մարտահրավեր նետեց Ֆրանսիային, Հունաստանին եւ Եվրամիությանը՝ Միջերկրական ծովի արեւելքում հակասական տարածքային հակամարտությունների ժամանակ: 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրքիայի ռազմական, քաղաքական եւ դիվանագիտական աջակցությունը Ադրբեջանին կտրուկ փոխեց ուժերի հավասարակշռությունը հօգուտ Բաքվի։ Այսպիսով, ուժեղացված տրանսկասպյան հավակնություններով, որոնք Ադրբեջանով հասնում էին թյուրքական Կենտրոնական Ասիա, Թուրքիան մտավ 2021 թվական՝ որպես նոր ռեվիզիոնիստական տերություն, թեեւ ոչ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ նույն մակարդակի վրա:

 

Թուրքիան փորձում էր օգտագործել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը Կենտրոնական Ասիայում իր հավակնությունների իրականացման համար: Ղազախստանի նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնություն համարվող խորհուրդը ստեղծվել է 2009թ.։ Իր նոր քաղաքական դիրքորոշմանը համահունչ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2021 թվականին նոյեմբերի 12-ին Ստամբուլում կայացած գագաթաժողովի ժամանակ դարձավ մարմնի նոր նախագահը։

 

Էրդողանի հավատարիմ դաշնակիցը՝ Թուրքիայի ծայրահեղ ազգայնական կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին, նրան ներկայացրեց թյուրքական աշխարհի հսկա քարտեզ, որը ընդգրկում է Ռուսաստանի Դաշնության մեծ հատվածներ, ինչը տարակուսանքի մեջ գցեց Մոսկվային եւ զայրացրեց Պեկինին, որը զբաղված է թյուրքական փոքրամասնության՝ ույղուրների ճնշմամբ:

Այնուամենայնիվ, Թյուրքական պետությունների կազմակերպությանը (ԹՊԿ) ընդամենը երկու ամիս պահանջվեց, որպեսզի ապացուցի իր անզորությունը՝ ցույց տալով Թուրքիայի արդիական չլինելը։ Հունվարի 2-ին Ղազախստանը պայթեց։ Իսկ Ղազախստանի անվտանգության ծառայությունը թակեց ոչ թե Թյուրքական խորհրդի, այլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դռները։

Կարճ ասած՝ Ղազախստանի ղեկավարությունը, անվտանգության ոլորտի հրատապ կարիքների պահին նախընտրեց Ռուսաստանին, ոչ թե Թուրքիային, եւ Վլադիմիր Պուտինին, ոչ թե Էրդողանին: Ղազախստանը հատուկ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։ Երկու երկրները, ինչպես նաեւ Ադրբեջանը, եղել են ԹՊԿ-ի հիմնական հենասյուները։ Ղազախստանը Թուրքիայի հետ կնքել է ռազմական համագործակցության համաձայնագիր, որն ենթադրում է համագործակցություն մի շարք ոլորտներում՝ ներառյալ պաշտպանական արդյունաբերությունը, հետախուզության փոխանակումը, համատեղ զորավարժությունները, տեղեկատվական համակարգերը եւ կիբեռպաշտպանությունը: Թուրքիայի եւ Ղազախստանի, ինչպես նաեւ Ուզբեկստանի միջեւ ռազմական կապերի աճը 2020 թվականի հոկտեմբերին ծնեց թյուրքական ՆԱՏՕ-ի ստեղծման ֆանտաստիկ գաղափարը։

Այս ֆոնին ԹՊԿ-ի փոխարեն ՀԱՊԿ-ին հրավիրելու Ղազախստանի որոշումը մած խորհրդանշական նշանակություն ունի։ Այս ընտրությունը ցույց տվեց նաեւ, որ ի տարբերություն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ով գրեթե մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի հետ պատերազմի ժամանակ ճիշտ հակառակն արեց, ղազախական վարչակարգը նախապատվությունը տալիս է Ռուսաստանին, այլ ոչ թե Թուրքիային՝ ԹՊԿ-ի ցանկացած հեղինակության գնով:

 

Ղազախստանի նախագահի խնդրանքով Ղազախստանում հայ զինվորների եւ ռուսական հատուկ նշանակության ստորաբաժանումների տեղակայումը ավելի ապշեցուցիչ էր, քան որեւէ այլ բան, եւ գուցե նույնիսկ ավելի վիրավորական թուրք ազգայնականների համար: Տեղակայման մասին հայտարարությունն արեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապշեցուցիչ հեգնանք, որն արտացոլում է Թուրքիայի արտաքին քաղաքականության դեգրադացումը։

 

Առավել ինտրիգային է Թուրքիայում որոշ աշխարհիկ ազգայնականների եւ ձախերի հակաամերիկյան եւ հակաարեւմտյան մոլուցքը: Օրինակ, ի պատասխան Ղազախստանում ծավալվող իրադարձությունների, հայտնի թուրք պաշտոնաթող ծովակալ Ջեմ Գուրդենիզը անկարգություններն անվանեց «իմպերիալիստական դավադրություն»: Գուրդենիզը, ով նաեւ «Կապույտ հայրենիք» վիճելի դոկտրինի գաղափարախոսն է, ով Միջերկրական ծովում ավելի ագրեսիվ քաղաքականության կողմնակից է, պնդում է, որ անկարգությունները «Սորոսի սադրանքի» արդյունք են, որոնք ուղղված են «Եվրասիայում անկարգություններ ստեղծելուն» եւ կազմակերպված են «իմպերիալիստների կողմից», քանի որ նրան շատ է նյարդայնացնում Թյուրքական պետությունների կազմակերպության ստեղծումը»։

 

Սոցցանցերում շատ թուրք ձախակողմյաններ են նման կարծիքներ հայտնել։ Էրդողանամետ շրջանակներն իրենց հերթին, վկայակոչելով ռուս նախկին պատգամավորին, հայտարարել են, որ Ղազախստանում անկարգություններ կարող էին Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդները հրահրել։

Էրդողանը շտապեց աջակցել իր ղազախ գործընկեր Կասիմ Ժոմարտ Տոկաեւին: Նա արագորեն իր աջակցությունը հայտնեց Տոկաեւին։ Սակայն Էրդողանի աջակցությունը նկատելիորեն զուսպ էր: Նա իրականում չէր խորանում այդ հարցի մեջ: Թերեւս նրան շփոթեցրել էր ՀԱՊԿ զորքեր հրավիրելու Տոկաեւի ընտրությունը՝ դրանով իսկ խարխլելով իր հեղինակությունը։ Էրդողանին զուսպ աջակցությունը կարող է կապված լինել նաեւ Նազարբաեւի շուրջ ստեղծված անորոշության հետ։

 

Financial Times-ի իր հոդվածում Գեդեոն Ռահմանը գրել է. «Ղազախստանն այն երկիրն է, որտեղ միջին եկամուտը կազմում է ամսական մոտ 570 դոլար, բայց որտեղ Նուրսուլթան Նազարբաեւի ընտանիքը, ով ղեկավարել է երկիրը 1991-2019 թվականներին, արտասահմանում առնվազն 785 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք է գնել: Ղազախստանում տեղի ունեցող անկարգությունները կարող են կապված լինել իշխող շրջանակների ներսում տարաձայնությունների հետ։ Բայց այս կարգի խնդիրները հատուկ են կոռումպացված ավտոկրատիաներին: Եթե հարստությունը կիսվում է որպես ավարի համակարգի մաս, ղեկավարության փոփոխության ցանկացած ակնարկ անկայունություն է ստեղծում»:

Հունվարի 5-ին Տոկաեւը աշխատանքից ազատեց եւ ձերբակալեց Նազարբաեւի երկարամյա կողմնակից Քարիմ Մասիմովին՝ ղազախական հետախուզության ղեկավարին։ Նա նաեւ Նազարբաեւին ազատեց Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից եւ իրեն նշանակեց նոր ղեկավար։

 

Թուրքիան կարծես թե ուշադրությունից բաց է թողել Ղազախստանի իրադարձությունները։ Անկարգություններից մոտ երկու շաբաթ անց Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ԹՊԿ-ի արտաքին գործերի նախարարների համաժողով հավաքեց։ Հունվարի 11-ի ելույթում նա գոհունակություն հայտնեց, որ Ղազախստանում իրավիճակը վերահսկվում է, չնշելով, որ երերուն վերահսկողությունը պահպանվում է Ռուսաստանի գլխավորած ռազմական միջամտությամբ։

«Ղազախստանն ունի պետական ավանդույթներ, փորձ եւ կարողություն՝ հաղթահարելու ներկայիս ճգնաժամը»,- ասաց Չավուշօղլուն։

Սա նաեւ հստակ ցուցանիշ է այն բանի, թե ինչպես է փոխվել Թուրքիայի ճակատագիրը իր ոչ հեշտ արտաքին քաղաքականության մեջ: Ղազախական ճգնաժամն իրենից ներկայացնում է արտաքին քաղաքականության մեջ թուրքական ազգայնականության պարտություն»։

Պատահարներ