
Ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում

Այսօր՝ հունվարի 13-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Բախման հետևանքով բետոնե էլեկտրասյունը կոտրվել է և բարձր լարման լարերն են պահում, որ սյունը չի տապալվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ամբողջ հատվածը մերկասառույց է, տեղի ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանքներ չի կատարել՝ ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ և միայն ողբերգական վթարից հետո են ժամանել, որպեսզի սկսեն իրենց աշխատանքը: Գյումրի-Երևան ավտոճանապարհն էլ սպասարկող ճանշինականների կողմից ամբողջովին ձյունը մաքրած և ճանապարհը աղ ու ավազով մշակված է: