Ղազախստանում ցուցարարները պատանդ են վերցրել լրագրողներից մեկին
Ղազախստանի ամբողջ տարածքում անջատվել է ինտերնետը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է NetBlocks ընկերությունը։
«Ղազախստանն այժմ գտնվում է ինտերնետի տոտալ անջատման մեջ։ Մինչ այդ մի ամբողջ օր խափանումներով էր գործում ու որոշակիորեն սահմանափակված էր միայն բջջային ինտերնետ կապը։Դա, ամենայն հավանականությամբ, խստորեն կսահմանափակի հակակառավարական ցույցերի լուսաբանումը», - ասված է Twitter-ում ընկերության հրապարակման մեջ:
Մինչ այդ հաղորդվում էր, որ արգելափակված են Ղազախստանի որոշ պետական մարմինների կայքերի մուտքն արտերկրից, չեն աշխատում նաև տարբեր լրատվամիջոցների ինտերնետ ռեսուրսները։
Ներկա պահին հնարավոր չէ մուտք գործել zakon.kz, tengrinews.kz և vlast.kz պորտալների էջերը, անհասանելի է նաև Sputnik Ղազախստանի էջը։
Ցուցարարները շուրջ 1 ժամ պատանդ են պահել Sputnik Ղազախստանի թղթակցին։
Sputnik Ղազախստանը հայտնում է, որ Ալմաթիում իր թղթակցին պատանդ են պահել Հանրապետության հրապարակում գտնվող լրատվամիջոցների գրասենյակների շենքում։
Լրագրողին հաջողվել է դուրս գալ շրջափակված շենքի տարածքից։
Տեղեկություններ կան, որ ցուցարարները գրավել են Ալմաթիում գտնվող «Միր 24» հեռուստաալիքի գրասենյակը և պահանջում են ուղիղ եթեր տրամադրել իրենց։
Չնայած տեղական հեռուստաալիքների նկատմամբ իրականացված հարձակումներին, քիչ առաջ հայտարարվել է, որ Ղազախստանի նախագահ Տոկաևը շուտով հանրապետական հեռուստաալիքներով հանդես կգա ուղերձով։