
Խոշոր հրդեհ «Հրազդան» բժշկական կենտրոնի բակում

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Հրազդան» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Հրազդանի հրշեջ-փրակարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջները հիվանդանոցի աշխատակիցների և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3–րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչների հետ մարել են Kia Optima մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ, սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն, որ կարողանան հրշեջները աշխատել:
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Աշոտ Գալստյանին, ով աշխատում է «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ որպես ռեանիմատոլոգ: