Ինչ հանգամանքներում է 26 ամյա տղան հայտնվել Սոթք ջրափոսում. մանրամասներ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղի վարչական տարածքում՝ փոսի մեջ, դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները, ոստիկաններն ու քննիչները Սոթք գյուղին հարակից տարածքում՝ 4 մետր շառավղով, 5 մետր խորությամբ ջրով լցված փոսում հայտնաբերել և այնտեղից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ՝ 26-ամյա Արման Ա-ի դին՝ ջրահեղձ վիճակում։  Ըստ լրատվակայքի` ջրահեղձ եղած տղան այդ վայրում անասնապահությամբ զբաղվող 60-ամյա համագյուղացի Աբուլ Ա-ի հետ է եղել, իսկ վերջինս էլ ժամանած իրավապահներին հայտնել է, որ ինքը և Արման Ա-ն նշված տարածքում միմյանցից որոշակի հեռավորության վրա անասուններ են արածեցրել։ Որոշ ժամանակ անց նա տեսել է, որ Արմանը բացակայում է, մոտեցել է ջրափոսին ու տեսել, որ սառույցի շերտը կոտրված է, և Արմանի ուսապարկը ընկած է ջրի մեջ։  Ժամանած դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։  Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է մի դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Քաղաքականություն