
Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են գողացած համարանիշներով ավտոմեքենա. վարորդը դիմել է փախուստի

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Համազասպ Լալայանն ու Հայկ Պետրոսյանը ծառայություն կատարելու ընթացքում՝ ժամը 04:00-ի սահմաններում, Խորենացի փողոցում ՝ ժողովրդին հայտնի «Մետաքս» թաղամասում, նկատել են Lada Priora մակնիշի ավտոմեքենա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,պարեկները, մոտենալով նշված ավտոմեքենային, ստուգման նպատակով այն տեղափոխել են պարեկային ծառայութան Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: Արդեն տեղում պարզվել է, որ համարանիշները իրենը չեն ու մինչ հատուկ պահպանվող տարածքում պարեկներն արձանագրություն էին կազմում, վարորդը դիմել է փախուստի: Պարեկները, ճշտելով մեքենայի համարանիշների սեփականատիրոջ ինքնությունը, հեռախոսակապի միջոցով այդ մասին հայտնել են նրան, ով էլ պատասխանել է, որ համարանիշները իրենն են և այն գողացել են Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վրայից:
Կայքի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փախուտի դիմած վարորդը 22-ամյա Գարիկ Մ.-ն է: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ: