
Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ « հերիք է շաբաթը մեկ ասեք՝ վայ, հրադադարի ռեժիմը խախտվեց. արդեն մեր նյարդերը չի հերիքում». վարչապետ

Խաղաղության զարգացման դարաշրջան բացելը հեշտ չի լինելու, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ամուր նյարդեր են պետք մեզ: Խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, ցավոք, միայն մեզնից չէ կախված. լինելու են գործողություններ, որոնց նպատակը լինելու է՝ ապացուցել մեր հանրությանը, որ խաղաղ զարգացման դարաշրջանը հնարավոր չէ», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ ԼՂ հակամարտության հարցով Հայաստանի ասելիքը միջազգային հարթակներում կորսված է:
«Մենք պետք է գնանք լուծումների: Բայց այն, ինչ մեր դիրքրոշումն է, չի նշանակում, որ ցանկացած լուծում մեզ համար ընդունելի կլինի, բայց դա չի էլ նշանակում, որ մեր պատկերացրած ցանկացած լուծում ընդունելի կլինի մյուս կողմից կամ միջազգային հանրության համար», - ասաց նա:
Ինչո՞ւ բանակցային գործընթացի արդյունքում Ղարաբաղի հարցով հաջողություն չեն ունեցել. Փաշինյանը պարզաբանեց իր հնչեցրած հարցին. «Որովհետև մեր ընկալումները ընկալելի չեն եղել միջազգային հանրության համար, Ադրբեջանի մասին հլը չեմ խոսում, միջազգային հանրության ընկալումներն էլ ընդունելի չեն եղել մեզ համար»:
Նա շեշտեց՝ մի բան հաշվի չեն առել՝ միջազգային հանրությանը ոչ թե Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծումն է հետաքրքրում, այլ հարցի լուծումն է հետաքրքրում:
«Կներեք անկեղծության համար, համարենք, որ նիստը դռնփակ է, մենակ Հայաստանում են լսում. միջազգային հանրությունը մեզ ասում է, մեզ էլ, Ադրբեջանին էլ ասում է՝ «դե հերիք է շաբաթը մեկ ասեք՝ վայ, հրադադարի ռեժիմը խախտվեց, վայ ագրեսիա է, իրար մեղադրեք, կներեք՝ գնացեք, իրար հետ լեզու գտեք, արդեն մեր նյարդերը չի հերիքում, որովհետև մենք էլ խնդիրներ ունենք, մանավանդ, հիմա՝ կլիմայի փոփոխություն է, կորոնավիրուս է, հազար ու մի հարցեր: Ձեզ ինչո՞ւ է թվում, որ ամբողջ աշխարհը նստի ու անընդհատ ապրի ձեր հոգսերով, միգուցե, դուք էլ մի քիչ ձեր հոգսերով ու դարդերով զբաղվեք» », - հայտարարեց ՀՀ վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց՝ ԼՂ հարցում չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում. կամ լուծում, կամ չլուծում: