Մշակվել է թեստ․ մեկ կաթիլ արյունը թույլ է տալիս ախտորոշել քաղցկեղը
Կանադացի մասնագետների ստեղծած EasyM թեստը հնարավորություն է տալիս ախտորոշել արյան քաղցկեղը՝ առանց ոսկրածուծի ինվազիվ բիոպսիայի անհրաժեշտության։
Վաթերլոյի համալսարանի գիտնականները մշակել են միելոմայի (արյան քաղցկեղի տեսակ) հայտնաբերման և մոնիթորինգի նոր մեթոդ, որը հիմնվում է արյան մեջ առկա M-սպիտակուցի վերլուծության վրա։ Այս նորարարությունը թույլ է տալիս խուսափել ոսկրածուծի բիոպսիայից, որը հիվանդության հաստատման կամ թերապիայի վերահսկման համար կիրառվող ցավոտ ու ինվազիվ գործընթաց է։ Աշխատանքի արդյունքները զետեղվել են բուհի պաշտոնական կայքում։
EasyM կոչվող տեխնոլոգիան կիրառում է de novo սեկվենավորման մեթոդը։ Այս հաշվողական վերլուծության միջոցով հնարավոր է դառնում վերականգնել սպիտակուցի ամինաթթվային հաջորդականությունը նույնիսկ լաբորատոր զգալի աղմուկի առկայության դեպքում։ Յուրաքանչյուր հիվանդի մոտ M-սպիտակուցի կառուցվածքը եզակի է, ինչի շնորհիվ այն դառնում է անհատական մարկեր և հեշտությամբ տարբերակվում արյան մյուս տարրերից։
Հետազոտողները փաստում են, որ նոր մոտեցումն ավելի արդյունավետ է, քանի որ M-սպիտակուցը տարածված է ամբողջ օրգանիզմում։ Ի տարբերություն բիոպսիայի, որի տվյալները սահմանափակվում են ոսկրածուծի կոնկրետ կետով, արյան հետազոտությունը տալիս է առավել համապարփակ տեղեկատվություն։ Բացի այդ, իր բարձր զգայունության շնորհիվ EasyM-ը կարող է ֆիքսել հիվանդության ռեցիդիվը մի քանի ամիս ավելի շուտ, քան սովորական թեստերը։
Մեթոդի կիրառումն արդեն արտոնվել է Կանադայի Օնտարիո նահանգի բժշկական հաստատություններում։ Միևնույն ժամանակ, գիտնականները շեշտում են լրացուցիչ ուսումնասիրությունների կարևորությունը՝ լայն կլինիկական միջավայրում տեխնոլոգիայի արդյունավետությունը վերջնականապես վավերացնելու համար։