Իրանցիները ավելի ուժեղ գտնվեցին, քան Վաշինգտոնն ու Բրյուսելը սպասում էին. Մերց
ԳՖՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի համոզմամբ՝ իրանցիներն ավելի ուժեղ են գտնվել, քան կարծում էին Վաշինգտոնն ու Բրյուսելը, իսկ ԱՄՆ-ն չունի հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագիր։ Իր ընտրատարածքում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է. «Նման հակամարտությունների խնդիրը միշտ կայանում է նրանում, որ ձեզ հարկավոր է ոչ միայն ներգրավվել դրանց մեջ, այլև դուրս գալ դրանցից: Այնպես որ այս ամենը, ինչպես արդեն ասացի, մեղմ ասած, անմտածված է»։
Կանցլերն ընդգծել է, որ ներկայում անհասկանալի է Վաշինգտոնի ընտրած ռազմավարությունը, մինչդեռ իրանական կողմը, այդ թվում՝ բանակցություններում, գործում է ավելի արդյունավետ։ «Իրանցիները, ակնհայտորեն, բանակցում են շատ հմտորեն, կամ ավելի շուտ՝ շատ հմտորեն չեն բանակցում: Ամերիկացիները մեկնում են Իսլամաբադ միայն նրա համար, որպեսզի վերադառնան առանց որևէ արդյունքի», - ասել է նա։
Մերցը նաև հավելել է, որ եվրոպական պետությունները պատրաստակամ են աջակցել Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնմանը և ականազերծմանը բանակցությունների ավարտից հետո, սակայն դրա նախապայմանը մարտական գործողությունների դադարեցումն է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը չեղարկել էր իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Պակիստան՝ Իրանի պատվիրակների հետ հանդիպելու նպատակով։