
Հակառակորդը ամեն ինչի գնում է, որ դիրքերով ապահովի, ինքը իշխի, ինքը թելադրի․ փոխքաղաքապետը մանրամասնում է

Սահմանային մեկօրյա ծանր լարվածությունից հետո այսօր իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում համեմատաբար հանգիստ է։ Նախօրեին կրակոցներ էին լսվում անգամ Գորիսում։ Փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսօր հաղորդեց, որ չի կարող տեղի ունեցածին ամբողջական գնահատական տալ, քանի որ մուտքը արգելված էր։ Ռազմական գործողությունները ծավալվում էին Իշխանասարի ու Ծիծեռնաքարի բարձունքների հատվածում։
«Ներկա պահին տվյալներ չունենք, մենք իրավասու չենք տվյալ տարածքը մտնենք, մեզ չեն թույլատրում, ոչինչ հայտնել չեմ կարող։ Մենք կամավորներին ընդամենը ասել ենք լինեն պատրաստ՝ ուրիշ ոչինչ»։
Գորիսի փոխքաղաքապետը նշեց, որ համայնքի ոչ մի բնակավայրից, ոչ մի անձ չի տարհանվել. «Չենք էլ մտածում այդ առիթով»։
Արդյոք ադրբեջանական կողմի նպատակն է իրագործել «Միջանցք» ունենալու բաղձալի երազանքները ու փորձո՞ւմ է նաև դիրքավորվել գլխավոր մայրուղու երկու հատվածում տեղակայված մաքսակետի մոտակա բարձունքների վրա, Քոչարյանը հայտնեց իր մասնավոր կարծիքը` թշնամու նպատակն է ՝ ամրապնդվել։
«Իհարկե, հակառակորդը ամեն ինչի գնում է, որ դիրքերով ապահովի, ինքը իշխի, ինքը թելադրի։ Հակառակորդը ամեն ինչ անելու է, որ լինի գերիշխող հատվածներում՝ լինի մեր, թե իրենց տարածքում»։
Անդրադառնոլով կիսաշրջափակման մեջ հայտնված Գորիսի երեք բնակավայրերի անվտանգությանը, փոխքաղաքապետը հայտնեց, որ կենսական նշանակության անհրաժեշտ իրերը տեղ են հասնում, աջակցում են բնակիչներին, փորձում ապահովել բնակիչների անվտանգությունը։
«Ներկա պահին բանակը կանգնած է, ապահովում է անվտանգությունը, իսկ կենսական սպասարկումը գյուղերում մարզպետարանի հետ համատեղ կատարվում է»,- ասաց Քոչարյանը։
Նախօրեի լարվածության ֆոնին կրակոցները լսվում էին նաև Սիսիանի Նորավան գյուղում։ Նորավան գյուղի վարչական ղեկավարն էլ հայտնեց, որ ընդհանուր առմամբ 11։00-ի դրությամբ իրավիճակը հանդարտ է, ռազմական թեմայով չի կարող մեկնաբանություններ տալ։ Երեկ ծավալված իրադրությունները բնակավայրից հեռու էին ընթանում, մոտ 10 կմ-ից ավելի հեռավորության վրա։
Հիշեցնենք, որ ՀՀ արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց։
Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։