ՌԴ-ն, որպես դաշնակից, միջազգային հարթակներում ամենաշատը հանդիպում է Հայաստանի հետ. Ալեն Սիմոնյանի հարցազրույցը՝ «Вместе» հեռուստանախագծին

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո հարցազրույց է տվել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի «Вместе» հեռուստանախագծին: Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ սա իր առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, և իր համար շատ կարևոր է, որ այն հենց Ռուսաստանում է, որի հետ Հայաստանն ունի դաշնակցային և բարեկամական հարաբերություններ:


 

«Րոպեներ առաջ ավարտվեց իմ և Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը: Մենք դեռ երկար կարող էինք շարունակել մեր զրույցը՝ չնայած որ առաջին անգամ չէինք հանդիպում: Տիկին Մատվիենկոն ինձ ներկայացնում էր իր կոլեգաներին: Պարզվեց՝ շատերի հետ արդեն ծանոթ եմ դեռ իմ՝ ԱԺ փոխնախագահ եղած տարիներից և միասին աշխատել ենք տարբեր հարթակներում: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր աշխատանքները շարունակական լինեն՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի», - ասել է Ալեն Սիմոնյանը:


 

Խոսելով խորհրդարանական առաջիկա աշխատանքների և հիմնական նպատակների մասին՝ Ազգային ժողովի նախագահը կարևորել է հատկապես միջազգային հարթակներում տարբեր երկրների հետ Հայաստանի համագործակցությունը.


 

«Դաշնության խորհրդի գործընկերներս փաստեցին, որ Ռուսաստանը, որպես դաշնակից, միջազգային հարթակներում ամենաշատը հանդիպում է հենց Հայաստանի հետ: Մեր երկիրն առաջին տեղում է այն բոլոր երկրների մեջ գտնվում են քաղաքական և դիվանագիտական նույն հարթակներում: Մենք փորձում ենք կոորդինացնել մեր աշխատանքները ռուս գործընկերների հետ: Կարծում եմ՝ այդ առումով մեզ մոտ ամեն ինչ ստացվում է»:


 

Ազգային ժողովի նախագահը խոսել է նաև հայկական սփյուռքի գործունեության մասին՝ շեշտելով Ռուսաստանում հայ համայնքի կարևորությունը:


 

«Ռուսաստանում հայ համայնքն իր ուժն ու իշխանությունը շատ լավ հասկանում է և գիտի, որ իր ձայնը լսելի է Հայաստանի ներքին քաղաքական կյանքում», - շեշտել է հայկական խորհրդարանի խոսնակը:


 

Քաղաքականություն