Նիկոլ Փաշինյանի նպատակն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի աշխատանքների ձախողումն է. Գեղամ Նազարյան

Նիկոլ Փաշինյանի նպատակն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի աշխատանքների ձախողումն է, որովհետև այս հանձնաժողովում բազմաթիվ հարցեր պետք է քննարկվեն, իսկ նրան դա ձեռնտու չէ։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Այսօր մենք պետք է քննարկեինք ու հասկանայինք, թե ինչ են արել Դավիթ Տոնոյանն ու մյուսները, որոնք կալանավորվել են։ Պետք է կանչեինք համապատասխան վարչությունների, մարմինների ներկայացուցիչներին։ Պետք է հրավիրեինք մասնագետներ՝ հասկանալու համար, թե դիրքերում իրավիճակն ինչպես է։ Պետք է մարդկանց հրավիրեինք ու հասկանայինք, թե ում և ինչ հրամանով մեր զորքերը հետ քաշվեցին դեկտեմբերին և Իրանի հետ կարևորագույն ճանապարհը հանձնվեց Ադրբեջանին»,-ասաց պատգամավորը։

Վերջինս նշեց, որ ԱԱԾ պետին արգելված է իրենց հետ հանդիպել, և դա Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է, որն անգամ արժեզրկում է ԱԺ-ն։ Պատգամավորի խոսքով Նիկոլ Փաշինյանը փորձում է բոլորին ցույց տալ, որ կա մի պաշտոնյա, որը զբաղվում է բոլոր հարցերով, և դա ինքն է։

Դիտարկմանը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հետ պարբերաբար հանդիպումներ է ունենում, Գեղամ Նազարյանն ասաց՝ չգիտի ովքեր և ինչ նպատակով են նման լուրեր տարածում։

«Ալեն Սիմոնյանի հետ հանդիպել եմ մեկ անգամ՝ աշխատանքները սկսելուց երկու օր անց, Ալեն Սիմոնյանի հրավերով։ Նա իրեն հետաքրքրող մի շարք հարցեր էր ուզում պարզաբանել։ Նրանց անհանգստացնում էր իմ պահվածքը, թե ինչպես եմ դրսևորելու, եթե խորհրդարանում հայտնվի Նիկոլ Փաշինյանը։ Ես բացատրեցի, որ վայրենի չեմ»,-ասաց Գեղամ Նազարյանը։

Քաղաքականություն