Հասարակություն

Անձնագրի վավերականության ժամկետը լրացած քաղաքացիները չեն ընդգրկվի ընտրական ցուցակներում

Անձնագրի վավերականության ժամկետը լրացած քաղաքացիները չեն ընդգրկվի ընտրական ցուցակներում

Այն անձինք, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, առաջիկա ՏԻՄ ընտրությունների համար չեն ընդգրկվի ընտրական ցուցակներում: Այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանի հարցին:

Գեղամ  Նազարյանն ասաց. «Ինձնից լավ գիտեք, որ ընտրացուցակներում կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք 20,30 տարի Հայաստանում չեն բնակվում, ավելին ՝արդեն վաղուց ՀՀ քաղաքացի չեն: Ինչո՞ւ ԿԸՀ-ն կամ գործող իշխանությունները երբևիցե խնդիր չեն դնում՝ մաքրելու այդ ցուցակները»:

 

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ խնդիրն, ըստ էության, ավելի շատ ոչ թե վերաբերում է ցուցակների մաքրմանը, այլ՝ ցուցակների կազմման մեթոդաբանությանը: Այսօր ցուցակները կազմելու համար անհրաժեշտ է, որ անձը լինի ՀՀ քաղաքացի, ունենա հաշվառում ՀՀ-ում:

«Վերջին փոփոխությունների համաձայն, որը կիրառվելու է այս ՏԻՄ ընտրություններում, բոլոր այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, չեն ներգրավվի այդ ցուցակներում: Եթե տարբեր հիմքերով ցանկանում ենք սահմանափակել ընտրական ցուցակներում անձանց ընդգրկումը, հետևաբար, պետք է ուղղակիորեն փոխենք ցուցակների կազմման մեթոդաբանությունը: Այսօր սահմանադրական օրենքը սահմանել է որոշակի կարգ, թե ովքեր պետք է մտնեն այդ ցուցակներ, և այդ կարգին համապատասխան էլ ձևավորվում են ընտրական ցուցակները»,-ասաց Մուկուչյանը:

 

Նա հավելեց, որ, սակայն, ընտրական օրենսդրությունը սահմանել է նաև բավականին  լայն գործիքակազմ՝ այդ ամենը լիարժեք վերահսկելու, տեսնելու, մասնավորապես՝ ցուցակների՝ ըստ տեղամասերի հրապարակումը, դրանց՝ որոնման հնարավորությամբ մշտապես հրապարակված լինելը ԿԸՀ կայքում, ընտրություններից հետո ստորագրված ցուցակների հրապարակումը:

ԿԸՀ նախագահը նշեց, որ եթե կորոշվի որևէ այլ մեթոդաբանությամբ կազմել այդ ցուցակները՝ լիազոր մարմինն այդ կերպ կկազմի, սակայն այսօրվա օրենսդրությունը դրանց վերահսկողությունը լիարժեք հնարավոր է դարձնում:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ իշխանությանը նույնպես անհանգստացնում է ցուցակների հետ կապված հարցը՝ շեշտելով, որ պետք է հետամուտ լինեն, որ այդ հարցը մեկընդմիշտ փակվի:

 

Մուկուչյանն արձագանքեց՝ այս ընտրությունների ժամանակ մի մասով լուծումն  արդեն կլինի, սահմանված է, որ անվավեր անձնագրերով քաղաքացիների տվյալները չեն լինելու այդ ցուցակներում:

«Ենթադրվում է, որ այն անձինք, որոնց անձնագրերի ժամկետը լրացել է և չեն փոխել անձնագրերը, հիմնականում, թերևս, վաղուց արտերկրում բնակվող քաղաքացիներն են, որոնք չեն դիմել անձնագիրը փոխելու համար»,-ասաց նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250