Երևանում երեկ կողաշրջված շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվող կինը մահացել է

Պարզվել է երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված բոլոր վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, Mercedes-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 32-ամյա Տաթևիկ Մանուկյանը և  19-ամյա Մարիամ Մելքոնյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ  մյուս ուղևորներ, Երևանի բնակիչներ, 6-ամյա Ալեքս Հ.-ն, 9-ամյա Դավիթ Հ.-ն, ովքեր   հարազատ եղբայրներ են, տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Nissan-ի վարորդ Կ. Սուքիասյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 28-ամյա Խաչատուր Թորոսյանը, 23-ամյա Հասմիկ Կաղզվանցյանը և վթարված Nissan մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվող,  Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա Անահիտ Միսակյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Որոշ ժամանակ անց Ա. Միսակյանը հվանդանոցում մահացել է:

Վիրավորներից Խ. Թորոսյանը աշխատում է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես բժիշկ, Հ. Կաղզվանցյանը՝  «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես բուժքույր, Nissan-ի վարորդ Կ. Սուքիասյանը աշխատում է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ, մյուս վիրավորներից  Մ. Մելքոնյանը  սովորում է Երևանի Վ. Բրյուսովի պետական լեզվահասարակագիտական համալսարանում, իսկ Mercedes-ի վարորդ Մ. Ֆարիզյանը  ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական՝ պարզելու համար, թե արդյոք Ա. Միսակյանը վթարի հետևանքով է մահացել, թե առողջական խնդիր է ունեցել:

Երեկ՝ Ժամը 20:30-ի սահմաններում, Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել էին Երևանի բնակիչ, 38-ամյա Կոլյա Սուքիասյանի վարած, ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված Nissan մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ,  34-ամյա Մկրտիչ Ֆարիզյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով  Nissan-ը կողաշրջվել էր:

Քաղաքականություն

Պատահարներ