
Որոշել եմ առաջիկայում շարունակաբար ձեզ ներկայացնել այս ողբերգական վիճակից դուրս գալու ծրագիր. Արշակ Սադոյանի գրառումը

ԱԺ նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի գրառումը.
«Սիրելի ֆեյսբուքահայեր, որոշել եմ առաջիկայում, ոչ մեծ կտորներով, շարունակաբար ձեզ ներկայացնել այս ողբերգական վիճակից դուրս գալու մեր ծրագրերը. Ինչպես կարելի է դուրս գալ այս փոսից Հարգելի ընթերցողներ, ակնկալելով նաև ձեր աջակցությունն, ուզում եմ կարևոր մի հարցի վրա սկզբից անդրադառնալ: Մեր ազգակիցների քանակն աշխարհում արդեն երեք անգամ ավել է Հայաստանի բնակչությունից: Եվ եթե մի կողմ թողնենք ընտրողներին մոլորեցնելու, վարչական ռեսուրսների օգտագործման, ահաբեկման այն բոլոր գործառույթները, որոնց մենք ականատես ենք եղել, այնուհանդերձ ակնհայտ է մի պարզ բան.
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ընդամենը ՀՀ ընտրողների ձայների մի մասով է միայն ընտրվել և բնական է, որ առանց աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածների կարծիքը հաշվի առնելու, առանց նրանց ներկայացուցիչների հետ քննելու, առանց նրանց հավանությունը ստանալու Նիկոլականները լիազորված չեն, ոչ մի իրավունք չունեն մեր ողջ ժողովրդի անունից՝ բախտորոշ խնդիրները միայնակ լուծելու, նրա ապագայի վրա էապես ազդող որոշումներ ընդունելու: Համազգային քննարկումների, փոխհամաձայնեցված մոտեցումերի ընդունման, համագործակցության կազմակերպման անհրաժեշտությունը ներկայումս առավել քան կարևորվում է նաև այն պատճառով, որ այս ծանր պարտությունից, այսքան ահավոր կորուստներից հետո, սակավաթիվ բնակչությամբ, շատ ցածր արտադրողականություն ունեցող տնտեսությամբ մեր երկիրը միայն իր ուժերով առաջիկա տասնամյակում էլ չի կարողանալու ոտքի կանգնել, իր պաշտպանական համակարգը կարգի բերել, դուրս գալ կիսագաղութային այս ծանր վիճակից: Եվ քանի որ այլ երկրների անշահախնդիր օգնության հույսին մնալն էր անմտություն է, ելքի միակ ուղին, որ մնացել է մեզ՝ այն է, որ կարողանանք ի մի բերել, ամբողջացնել մեր գումարային ողջ ներուժը: Հայ ժողովուրդը միայն հայաստանաբնակները չեն:
Աշխարհով մեկ մենք 10 միլիոն ենք: Այսօր երբ կշեռքի նժարին մեր լինել-չլինելու հարցն է դրված, բոլորի ձայնը պետք է լսելի լինի: Առավել ևս երբ փրկության ուղին այսօր ամբողջությամբ կախված է միայն մեր հավաքական ուժից: Իսկ այդ հավաքական ուժը այդքան էլ փոքր չէ: Մենք ունենք իրոք կարող, հզոր մեծ Սփյուռք, և միավորելով ջանքերը մենք դեռ հնարավորություն ունենք համատեղ ջանքերով դուրս գալու այս փոսից և մեզ արժանի, մեր ուրույն տեղն ու դերը գրավել այս աշխարհում: Այդ ուղղությամբ արդեն կան հստակ մշակված ծրագրեր, որոնք կյանքի կոչելու համար պետք էր միայն պահանջվող քայլերը անել, և հեռակապի, հեռահաղորդակցման, հեռակառավարման արդի միջոցներից օգտվելով, աշխարհով մեկ ձևավորել նպատակային գործունեության ունակ, համազգային կառույցների մի այնպիսի մաձույլ, հզոր համակարգ՝ իր կենտրոն մայրաքաղաք Հայաստան պետությամբ, որը ոչ միայն հնարավորության կտա դուրս գալ այս փոսից, այլ պայմաններ կստեղծի նաև, որ ամենուր մեր ազգակիցները ապրեն ավլի ապահով, ավելի բարեկեցիկ կյանքով:
Շարունակելի»: