
Ֆրանկլին Գոնսալեսի գործով դատական քննությունն ավարտվեց. դատավճիռը կհրապարակվի վաղը

Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ դատական նիստը մոտենում է ավարտին։ Դատարանը գործը քննել է արագացված կարգով ու վաղը՝ հունիսի 16-ին կհրապարակի դատավճիռը։
Իսկ այսօրվա նիստում մեղադրող դատախազը Նարեկ Սարգսյանի համար պահանջել է 7 տարվա ազատազրկում։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։
ՀՀ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով 2018թ․ հունիսից հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը 2019թ․ դեկտեմբերի 21-ին արտահանձվել էր Հայաստան և կալանավորվել։
Նարեկ Սարգսյանը թաքնվում էր Չեխիայում` Ֆրանկլին Գոնսալես անվամբ։ Միջազգային հետախուզման մեջ գտնվող Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։
Նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինչպես նաև՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու համար:
Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2020թ․ հոկտեմբերի 9-ին ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։