«Եթե պետությունը չմիջամտի, ունենալու ենք կեղծված մեղր». մեղվապահները խնդրի առաջ են կանգնել

Հայաստանի մի շարք տարածքներում տեղումներ չլինելու պատճառով մեղվապահները մեղուները պահելու խնդրի առաջ են կանգնել։ 

Շիրակի մարզի Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղում մեղվաբուծությամբ զբաղվող Հակոբ Խաչատրյանը հայտնում է, որ Շիրակի մարզում երաշտ է, մեղուները պահելու հետ կապված լուրջ խնդրի առաջ է կանգնել. «Արդեն մի շաբաթ էլ հարավ քամին չի դադարում։ Չորացել են ցորենի ու գարու դաշտերը, խոտ չկա, կորնգանը ժամանակից 10 օր շուտ ծաղկեց եւ կպած է գետնին։ Մեղվաընտանիքները կերի պակասից թրթուրներին քանդում դուրս են շպրտում, ստիպված պիտի կերակրենք։ Ամասիայում եւ Աշոցքում գրեթե նույն վիճակն է։ Խոսքս ուղղում եմ Շիրակի մարզպետարանին։ Օգնեք մեղվաբույծներին եւ գյուղացիներին դուրս գանք այս վիճակից»։

 

NEWS.am-ի հետ զրույցում գյուղատնտես Հարություն Մնացականյանն ասել է, որ Հայաստանում մեղուների քանակը բավականաչափ պակասել է.

«Բացի չորային լինելը, քանի որ Հայաստանում մի քիչ այգեգործությունը շատացել է ու ավելի բարձիթողի վիճակ է, պեստիցիդներն էլ են շատ օգտագործում գյուղատնտեսության մեջ, ու մեղուների անկում է տեղի ունենում։ Բավականաչափ պակասել է մեղուների քանակը, Հայաստանում մեղրի սպառումն է պակասել, ինչն իր հերթին նորից բերում է այս խնդիրներին»։

 

NEWS.am-ի հետ զրույցում Արթիկի մեղվաբույծների եւ ֆերմերների ասոցիացիա ՀԿ նախագահ Ջիվան Ասլանյանն ասել է, որ այդ խնդիրը կարգավորելու միակ տարբերակը մեղուներին բարձրադիր տարածքներ տեղափոխելն է։

 

 

«Մեր մոտ բավականչափ տոթ է, երկար ժամանակ է, որ տեղումներ չեն եղել։ Ամեն օր մտածում եմ՝ ինչով կարելի է օգնել մեղվաբույծներին։ Այդ դեպքում պետք է լինեն տարածքներ, որտեղ երաշտն այդքան շատ չի դրսեւորվել, եւ մեղուներին տանել այդտեղ։Մեղվաբույծները պետք է հետաքրքրվեն՝  մարզում որտեղ  կան նման տարածքներ։ Հայրենյացում երկար ժամանակ տեղումներ չեն եղել, Աշոցքի տարածաշրջանում տեղումները խիստ պակաս են։ Հիմա մեղվի աշխատելու ուժեղ ժամանակն էր, պիտի բերք բերեր, բայց կերի խնդիր կա։ Մեղուն եղածը սպառել է, բայց չկա ուրիշ կեր, որ կարողանա իր պաշարը լրացնի։ Միակ ելքն այն է, որ պետք է տարածքներ գտնել, որտեղ մեղվի համար բարենպաստ կլինեն։ Շատ տխուր իրավիճակ է։ Այս մի քանի օրվանից կախված է, թե նրանց ամբողջ տարվա աշխատանքն ինչ արդյունք կունենա։ Ամբողջ տարին սպասում են այս մեղրաբերքին, պատկերացրեք մեղրաբերքի շրջանում նման երաշտ։ Եթե հնարավորություն չունի մեղուներին տեղափոխելու, ստիպված է կերակրել, որպեսզի մեղուները գոյատեւեն»,- նշել է Ջիվան Ասլանյանը։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Քաղաքականություն