Մեր քաղաքական թիմի և Մանե Թանդիլյանի հետ նախատեսում ենք նոր կուսակցություն ստեղծել. Մեսրոպ Առաքելյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր` 24TV-ին տված հարցազրույցում, անդրադառնալով հրաժարականին, սպասվելիք ընտրությունների մասին հարցերին ասել է.

«Կառավարության հետ աշխատանքում տարաձայնություններ չեն եղել, ունեցել եմ նորմալ աշխատանքային և մարդկային հարաբերություններ: Արդեն մոտ 10 տարի հանդիսանում եմ Առաքելություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ: Մեր կուսակցությունը 2013-ին մասնակցել է ընտրություններին,  2018-ին միացել ենք ՔՊ-ին և մասնակցել ընտրություններին: Հիմա մեր քաղաքական թիմի և Մանե Թանդիլյանի հետ նախատեսում ենք նոր կուսակցություն ստեղծել, քանի որ ունենք ընդհանուր պատկերացումներ` երկրի զարգացման վերաբերյալ»:

 

Հարցին, թե ինչո՞ւ գործող իշխանության հետ չեն մասնակցում ընտրություններին, պատասխանեց.


«Այս իրավիճակում, պատերազմից հետո, առաջնահերթությունները փոխված են և ցավոք այն առաջնահերթությունները, որոնք այժմ կան, որոնք ճակատագրական են լինելու առաջիկա տարիներին Հայաստանի համար, ունեն վերարժեվորման կարիք: Սպասվելիք խորհրդարանական ընտրությունները, ցավոք, արդեն իսկ ընթանում են փոխադարձ մեղադրանքների ֆոնին, հետևաբար այս ընտրությունները` ցանկացած ելքի պարագայում մենք առաջիկա տարիներին էական զարգացում չենք ունենա: Բացի դա,  խորհրդարանակն ընտրությունը հայրենիքին ծառայելու միակ մեխանիզմը չէ, հնարավոր է այլ տարբերակով աջակցել, որը հնարավորություն կտա վերաիմաստավորել տասնյամյակներով կուտակած սխալները»: