
Երկիրն այս վիճակին հասցրած մարդկանց հետ որևէ համագործակցություն կտրականապես բացառված է. Քոչարյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РБК-ին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմին, Հայաստանի սահմաններին և երկրի ներսում ստեղծված իրավիճակներին, գործող իշխանությունների թույլ տված սխալներին:
Խոսելով քաղաքականություն իր վերադարձի մասին` Քոչարյան այն «աղմկոտ» է որակել` հիշեցնելով իր կառավարման տարիներին գրանցված տնտեսական հաջողությունների, կուտակած փորձի մասին:
Քոչարյանը վստահություն է հայտնել առ այն, որ հունիսի 20-ին կայանալիք ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը չի կարողանա կառավարություն ձևավորել, սակայն ներկայացված կլինի խորհրդարանում, ինչն ապշեցուցիչ է Քոչարյանի համար:
«Այնուամենայնիվ նա կկորցնի իշխանությունը, ու արդեն այդ ժամանակ նոր իշխանությունը կկարողանա հասարակությանը ցույց տալ այս իշխանության աշխատանքի իրական արդյունքները: Մարդականց որոշ հատվածը շարունակում է մնալ այս իշխանությունների մանիպուլյատիվ տեխնոլոգիաների ազդեցության տակ, այլ բացատրություն տալ չեմ կարող»,-ասել է նախկին նախագահը` կտրականապես բացառելով Փաշինյանի թիմից կամ նրա նախկին աջակիցներից որևէ մեկի հետ համագործակցելու հնարավորությունը:
«Երկիրն այս վիճակին հասցրած մարդկանց հետ որևէ համագործակցություն կտրականապես բացառված է: Դա ուղղակի անհնարին է»,-նշել է Քոչարյանը:
Նա նաև նշել է, որ կառավարման խորհրդարանական ձևը համարմար չէ Հայաստանի համար և որ վարչապետը չպետք է այսքան իրավասություններ ունենա: