ՄԻՊ-ն անդրադարձել է Հ1-ի ռեպորտաժին

Մարդու իրավունքների պաշտպանի համար խիստ դատապարտելի են Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկմամբ երեկ եթեր հեռարձակված ռեպորտաժի շեշտադրումները՝ կապված Տավուշի ու Արարատի մարզերի, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» հետ:

Ռեպորտաժը, որտեղ Տիգրանաշենը պարզապես ներկայացվում է որպես ադրբեջանական տարածք, հաշվի չի առնում ՀՀ բնակչության ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվտանգությունը և հարցերը քննարկում է միայն քարտեզներում լինել-չլինելու լույսի ներքո:

 

Ինչպես Տիգրանաշենի, այնպես էլ մյուս գյուղերի հետ կապված հաշվի առնված չեն նաև պատմական փաստերը ԽՍՀՄ տարիներին, երբ որոշումները կայացվել են Հայաստանի սահմանային գյուղերի բնակիչների իրավունքների կոպիտ ոտնահարումների հաշվին, ինչպես նաև դրանց ռազմավարական կենսական նշանակությունը ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

 

Այդ նյութում առկա ձևակերպումներն ուղղակիորեն հակասում են առանց այն էլ այս բարդ իրավիճակում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին ու նպաստում են ոչ միայն նրանց, այլ նաև ՀՀ սահմանային անվտանգության խաթարմանը, քանի որ դրանում առկա են բացահայտ ոչ մասնագիտական, մեխանիկական մոտեցումներ ու ակնհայտ սխալ ձևակերպումներ: Հենց այս տեսանկյունից է նաև, որ մարդու իրավունքների տեսանկյունից ընդունելի էլ չէ «ադրբեջանական անկլավ» քաղաքական-մեխանիկական ձևակերպումը: