ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Արամ Խաչատրյանի հետմահու դիմակն արդեն Երեւանում է՝ իր տուն-թանգարանում
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի այցելուներն այսուհետ կարող են տեսնել նաեւ մեծանուն կոմպոզիտորի հետմահու դիմակը, որի հեղինակը քանդակագործ, ժողովրդական նկարիչ Նիկողոս Նիկողոսյանն է:
Խաչատրյանի դիմակը Մոսկվայից Երեւան է բերել Նիկողոսյանի դուստրը՝ Գայանե Նիկողոսյանը, որը նաեւ մասնակցում էր ներկայացման հանդիսավոր արարողությանը:
Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն ու քանդակագործ, գեղանկարիչ Նիկողոս Նիկողոսյանը երկար տարիների ընկերներ են եղել ու շատ մտերիմ: Իր մեծ բարեկամի մահվան լուրն առնելով՝ Նիկողոս Նիկողոսյանը իր պարտքն է համարել ստեղծել կոմպոզիտորի հետմահու դիմակը:
Խոսելով քանդակի նյութի ու քաշի մասին՝ Գայանե Նիկողոսյանն ասաց. «Գիպսից է դիմակը, հայրս իր ձեռքերով է այն պատրաստել, օրիգինալն է: Այնքան էլ ծանր չէ, ես եմ բերել, կարողացա հեշտությամբ տեղափոխել: Դիմակը 3.5-4 կիլոգրամ է կշռում»:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ Խաչատրյանի դիմակը տուն թանգրանա տեղափոխելու համար առիթ է հանդիսացե իր Մոսկվա մեկնումը: «Արամ Խաչատրյանի անվան տրիոն հանդես էր գալիս «Nico» գեղարվեստի պատկերասրահի (Nico Art Gallery) համերգային սրահում, որի տնօրենը քանդակագործի դուստրը՝ Գայանե Նիկողոսյանն է: Ես առիթն օգտագործեցի ու խնդրեցի, որ դիմակը տեղափոխվի Երեւան: Մենք շատ շուտ համաձայնության եկանք, ինչի առիթով անչափ ուրախ եմ»,-ասաց նա:
Արմինե Գրիգորյանի խոսքով՝ դիմակը տեղափոխելու պայմանավորվածությունը եղել է դեռ 2020 թվականի փետրվարից, սակայն համավարակով պայմանավորված հետաձգվել է, այսօր արդեն Երեւան բերվել: