Ֆուտբոլային նոր մրցաշար՝ Սուպերլիգա է ստեղծվում. ՈւԵՖԱ-ն այն «ցինիկ նախագիծ» է անվանել
Ֆուտբոլային եվրոպական 12 ակումբների համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ:
Սուպերլիգան իրենց կներկայացնի 20 թիմերից կազմած մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը:
Հիմնադիրները «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» ակումբներն են:
Սուպերլիգայի նախաձեռնողներն են Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին և «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Գլեյզեր եղբայրները:
Նախագծի գլխավոր հովանավորն է JP Morgan բանկը, որը պատրաստ է ներդնել 4,6 միլիարդ ֆունտ։
Մասնակից ակումբները նախնական կստանան 89-310 միլիոն եվրո՝ զարգացման համար:
Սուպերլիգայի մրցաշարը կմեկնարկի օգոստոսին:
ՈւԵՖԱ-ն, ֆուտբոլի իսպանական, անգլիական ֆեդերացիաները այդ առնչությամբ համատեղ հայտարարություն են տարածել.
«Մենք միասնական ջանքեր կգործադրենք, որպեսզի դադարեցնենք այդ ցինիկ նախագիծը։ Մենք հասանելի բոլոր միջոցները ձեռք կառնենք բոլոր մակարդակներում՝ դատական ու մարզական, որ դա տեղի չունենա»,-նշված է հայտարարության մեջ։
ՈւԵՖԱ-ն նաև հայտնել է, որ Սուպերլիգայի մասնակից ակումբներին կարգելվի մասնակցել ազգային, եվրոպական ու համաշխարհային ցանկացած այլ առաջնության, իսկ ֆուտբոլիստները, ամենայն հավանականությամբ, կզրկվեն ազգային հավաքականներում խաղալու իրավունքից։