Կարապի լճում շները հարձակվել են 65–ամյա քաղաքացու վրա եւ կծել նրան. ոստիկանները քաղաքացու բողոքն անտեսել են

Օպերայի շենքի հարակից տարածքում՝ Կարապի լճում, այսօր՝ մարտի 31–ին, շները հարձակվել են 65–ամյա Էդուարդ Սարկիսյանի վրա եւ կծել նրան։ 

«Կարապի լճում մարդիկ կային, որոնք իրենց շներին հանել էին զբոսնելու։ Շները ո՛չ դնչկալ ունեին, ո՛չ վզկապ։ Այդ շների կողքը կային նաեւ փողոցային շներ, ընդհանուր առմամբ 10–ից ավելի շուն կար։ Երբ լճի ուռենու մոտով անցա, շները հաձակվեցին վրաս, ես բնազդով միանգամից բղավեցի՝ ուշադրություն գրավելու համար, որ շների տերերը կանչեն իրենց շներին, բայց ոչ մի ռեակցիա նրանք չտվեցին։ Բղավելուս հետ մեկտեղ փորձեցի փախչել, բայց շներն ինձ շրջապատել էին, ես սայթաքեցի ու քարե նստարաններից մեկին ընկա, ինչի հետեւանքով  մկանային վնասվածք ստացա, ապա շները հաձակվեցին վրաս եւ կծեցին  ինձ»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սարկիսյանը։

Երբ քաղաքացին փորձել է մոտենալ շան տերերին, շները եւս մեկ անգամ են հարձակվել նրա վրա։ Փորձելով փախչել շներից՝ Էդուարդ Սարկիսյանի ոտքը ոլորվել է եւ նա ընկել է գետնին, ու վնասել ոտքը։

«Էդ կինը, ում շունը կծել էր ինձ, փախավ այդտեղից։ Քանի որ ես սրտի վիրահատություն եմ տարել, չկարողացա նրա հետեւից վազել, ես բարձրաձայն ասում էի, որ կանգնի, բայց ապարդյուն»,– պատմեց պարոն Սարկիսյանը։

Էդուարդ Սարկիսյանը ստիպված է եղել ահազանգել ոստիկանություն։ Երբ հասարակական կարգը հսկող ոստիկանները ժամանել են դեպքի վայր, հրաժարվել են տուգանել արգելված վայրում շների հետ զբոսնող քաղաքացիներին։ Ոստիկանները քաղաքացուն առաջարկել են ոստիկանություն բողոք ներկայացնել, հակառակ պարագայում իրենք ոչնչով օգնել չեն կարող։

«Հայաստանում օրենք չկա, ոստիկանը, որը պետք է հասարակական կարգն ապահովի, որի համար, ի դեպ,  վճարվում է, չի արձագանքում քաղաքացուն, ոչ էլ իր պարտականություններն է կատարում։ Ես ցույց տվեցի ցուցատախտակը, որ Կարապի լճի տարածքում արգելված է շների զբոսանքը, եւ հարցրի՝ ինչո՞ւ չեն այդ մարդկանց արգելում կամ զգուշացնում, բայց ոչ մի ռեակցիա չտվեցին։ Ինձ ասում են՝ շունը հո հանցագործ չէ, ես էլ ասացի՝ շունը հանցագործ չէ, բայց նրա տերն է հանցագործ, ինչո՞ւ չես նրան կանչում եւ տուգանում կամ զգուշացում տալիս։ Ավելին՝ փորձեցին ինձ բերման ենթարկել, որովհետեւ ես ուզում էի իրենց տեսանկարահանել՝ ցույց տալու համար, որ նրանք անգործության են մատնված»,– պատմեց նա։

Միջադեպի ընթացքում  Էդուարդ Սարկիսյանի զարկերակային ճնշումը բարձրացել է։ Նա կանչել է կնոջը, իսկ երբ վիճակն ավելի է վատացել, նրանք ստիպված են եղել  շտապօգնություն կանչել։ Սարկիսյանին ճնշումը կարգավորող դեղ են տվել,  եւ տեղափոխել հիվանդանոց, որպեսզի բուժօգնություն ցուցաբերվի շան կծածների դեմ։ Էդուարդ Սարկիսյանը նաեւ սրտաբանական կլինիկա է այցելել։