Միակ մարդը, ում տեսնում եմ, որ ի վիճակ է երկիրը դուրս բերել այս վիճակից, Ռոբերտ Քոչարյանն է. Պետրոսյան
Միակ մարդը, ում տեսնում եմ, որ իր անձնական որակներով, հատկանիշներով, անցած ուղիով, կապերով, իր էությամբ ի վիճակ է երկիրը դուրս բերել այս վիճակից, Ռոբերտ Քոչարյանն է: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Ես չեմ ասում, որ իր կառավարման տարիները եղել են անթերի, բոլոր մարդիկ երջանիկ են եղել, ոչ: Բայց այսօր պետք է վեր կանգնենք ցածր արժեքներից եւ գերակայությունը տանք բարձր արժեքներին: Ինձ համար որպես ՀՀ քաղաքացի, այսօր գերագույն արժեքը Հայաստանի, հայ ազգի պահպանման շահն է»,-ասաց նա:
Հարցին, թե եթե Ռոբերտ Քոչարյանը հայտարարի, որ մասնակցելու է ընտրություններին, ինքը կմիանա՞ նրան եւ կառաջադրվի, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Շատ հարգելով պարոն Քոչարյանին, բայց ես էդ մարդը չեմ, որ եթե նա հայտարարի, որ մասնակցում է ընտրություններին, ես էթամ, ասեմ՝ բա գիտե՞ք, ես էլ եմ ուզում: Բանակցություններ կան, խնդիրներ կան պարզելու, կետեր կան համաձայնեցնելու: Այսօր ես իրեն եմ տեսնում, բայց իմ միակողմանի ցանկությունը բավարար չի, բնականաբար, իր կողմն էլ պետք է այդ ցանկությունն ունենա: Կարող է ես իրենց համար անցանկալի մարդ եմ: Կլինեն հնդիպումներ, բանակցություններ, եւ մոտ 2 ամիս անց շատ ավելի որոշակի կլինի»:
Եթե Գեւորգ Պետրոսյանը ԲՀԿ-ից առաջարկություն ստանա ընտրություններին մասնակցել ԲՀԿ-ի ցուցակով, կմերժի: «Եթե նման բան անեմ, դուք ինձ չեք հարգի, որ երեք ամիս առաջ դուրս եմ եկել ԲՀԿ-ից, հետո գնամ իրենց ցուցակով մասնակցեմ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հիշեցմանը, որ ինքն արդեն մեկ անգամ ԲՀԿ-ից դուրս է եկել ու վերադարձել է, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Այո, ես դուրս եմ եկել, բայց 5 տարի հետո հրավեր եմ ստացել: Հիմա ուրիշ իրավիճակ է: Վերադարձ ԲՀԿ ցուցակ ընդամենը պատգամավոր դառնալու համար, ես երբեք այդպիսի անպատվություն ինձ թույլ չեմ տա»: