Որ ռեկտորները վախեցան ԱԺ փակ դռներից եւ ինչ է սպասվում վաղը. armlur.am

Armlur.am-ը գրում է. «Մարտի 1-ին ԱԺ-ում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նախաձեռնել էր աշխատանքային քննարկում «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի փաթեթի վերաբերյալ, որին հրավիրված էին մասնակցելու հայաստանյան պետական բուհերի ռեկտորները եւ ԳԱԱ նախագահը, ինչպես նաեւ պատգամավորներ: Սակայն վերջին պահին Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհրդի նախագահ Ռուզաննա Հակոբյանը բոլոր ռեկտորների անունից պատգամավորին եւ նրա օգնականին տեղեկացրել էր, որ ռեկտորները մտավախություններ ունեն, մարտի 1-ի օրով ԱԺ գալը վտանգավոր է` հատկապես երբ փակված էր Բաղրամյան պողոտան: Այս պատճառաբանությամբ նրանք հրաժարվել էին ԱԺ շենք մտնել:

Եւ այս ֆոնին հետաքրքիր զուգադիպությամբ վաղը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նախաձեռնել են քննարկում` նույն Բարձրագույն կրթության մասին օրինագծի շուրջ: ArmLur.am-ը փորձել է կազմակերպիչներից պարզել՝ որ ռեկտորներն են համաձայնել մասնակցելու ԱԺ-ում կազմակերպված քննարկմանը եւ ովքեր են մերժել հրավերը: Ինչո՞ւ․ որովհետեւ արդեն մի քանի օր է, արգելափակված են ԱԺ արդեն երկու մուտքերը, ոչ միայն Բաղրամյանի, այլեւ Դեմիրճյան փողոցի եւ միայն տնտեսական մուտքով են պատգամավորները ելումուտ անում:

Մխիթար Հայրապետյանի օգնական Գեւորգ Մելիքսեթյանը ArmLur.am-ին հայտնել է, որ Երեւանի պետական համալսարանի, Երեւանի պետական բժշկական համալսարանի, ՀՀ Կառավարման ակադեմիայի, Գեղարվեստի ակադեմիայի եւ Մանկավարժական համալսարանի ռեկտորները արդեն մերժել են Կրթության հանձնաժողովի առաջարկը, հրաժարվել են մասնակցել: Այսինքն` նրանք խորհրդարանի արգելափակված մուտքերով ԱԺ չեն գնա:

Իսկ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ճարտարապետության եւ Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Վալերի Բրյուսով անվան պետական համալսարանի, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան համալսարանի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի, Գավառի պետական համալսարանի ռեկտորները , ինչպես հայտնեց պատգամավորի օգնականը, իրենց համաձայնությունն արդեն տվել են:

Նշենք, որ օրինակ Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանից, երբ АrmLur.am-ը հետաքրքրվեց` մասնակցելու է արդյոք վաղը կայանալիք քննարկմանը այն պայմաններում, երբ ԱԺ երկու մուտքերն արդեն շրջափակված են, Բաղրամյան պողոտան էլ փակ է կրկին, պատասխանեց, թե «Մեկ շաբաթ առաջ է հրավեր եղել, հիմա այլ իրավիճակ է, չգիտեմ կկայանա, թե ոչ: Վաղը,թե ինչ կլինի չգիտեմ, կապրենք կտեսնենք: Հանդիպումը կկայանա, թե ոչ չեմ կարող այս պահին ասել»:

Ի դեպ, այդ քննարկումը լինելու է դռնփակ ձեւաչափով:

Իսկ ինչու է նման քննարկման անհրաժեշտություն առաջացել: Բանն այն է, որ նախորդ անգամ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց Կառավարության կողմից հրատապ ճանաչված «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքին: Եւ պատճառը, ըստ էության, ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն էր: Նա այս օրինագծի մասին խոսել էր դեռ մարտի 2-ին գումարված նստաշրջանի առաջին օրը՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ուշադրությունը հրավիրելով կարեւոր մի հանգամանքի վրա, որ իր առաջարկները հանձնաժողովում չեն քվեարկվել, ինչը հանցագործություն է։ Եւ որպեսզի ԱԺ-ն սրբագրեր թույլ տված սխալը, կառավարության հետ համատեղ որոշվեց հետ քաշել օրենքը, նորից քննարկել, նորից քվեարկել, նոր միայն բերել ԱԺ լիագումար նիստերի դահլիճ` երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար»։

Քաղաքականություն