ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեկ ինձ հետ օրենքով գողեր են կապվել, սպառնացել. Արման Բաբաջանյան

Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց ԱԺ նախագահից, թե ինչու դահլիճում չէ ԲԴԽ նախագահը, որը երեկ ներկայացրել էր դատավորի թեկնածուներին, ապա հավելեց.

 

«Երեկվա և նախորդ օրվա թեժ քննարկումներից հետո «օրենքով գողեր» են կապվել ինձ՝ սպառնալից հայտարարություններով: Իհարկե հասկանալի է, թե ովքեր են այսօր հովանավորվում դատական համակարգի կողմից, այդ թվում՝ ԲԴԽ-ի: Զգուշացնում եմ՝ սատանի մայլեն քյանդրբազություն չանեք, դուք իմ վախը վաղուց բռնել եք: Ես 3,5 տարի անազատության մեջ գտնվելով՝ «օրենքով գողերի» հետ էլ եմ նստել, քրեական հեղինակությունների հետ էլ եմ առնչվել, այնպես որ, վե՛ր ընկեք տեղներդ, ձեր գործերով զբաղվեք. կգանք ձեր հետևից»,- ասաց պատգամավորը:

 

ԱԺ նախագահն արձագանքելով՝ ասաց, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ըստ էության, թեկնածուներին ներկայացնելուց հետո նեղ ընթացակարգային առումով այլևս անելիք, գործառույթ հարցի քննարկման այս փուլում չունի և կարող է նաև բացակայել այս նիստից: 

«Անշուշտ, մեր պրակտիկայում և, կարծում եմ, մինչև մեզ եղած պրակտիկայում այնպես է եղել, որ հարց ներկայացնողը գուցե էթիկական տեսանկյունից մինչև վերջ ներկա է եղել Ազգային ժողովի նիստերի դահլիճում, սակայն գործառութային, ընթացակարգային առումով այլևս պարոն Վարդազարյանը որևէ անելիք չուներ:

Ինչ վերաբերում է ձեր ասածին՝ կարծեմ, սպառնալիքի տարրեր են պարունակում, և դա հաղորդում է հանցագործության մասին: Պարո՛ն Բաբաջանյան, հրապարակավ հնչեցրել եք, կարող եք նաև հետամուտ լինել»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Քաղաքականություն

Պատահարներ