Հայտնի ֆեյքի լուսանկարը՝ ԱԱԾ շենքի պատին

ԱԱԾ կենտրոնական մարմնի շենքն այս պահին լուսավորվել է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի լուսանկարով։

Հիշեցնենք, որ ֆեյքին մեծ ճանաչելիություն հաղորդել է հենց ԱԱԾ-ն՝ ձերբակալել է մի շարք հասարակական֊քաղաքական գործիչների՝ նշված օգտահաշիվը կառավարելու կասկածանքով։ Մասնավորապես, ԱԱԾ ծառայողներն փետրվարի 19-ին խուզարկություն են իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են, ապա նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան։

Վերլուծաբան Կարեն Բեքարյանն ու քաղաքացի Մհեր Ավագյանն ազատ են արձակվել. Դատարանը մերժել է ԱԱԾ-ի քննիչների միջնորդությունը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը և Արամ Լ. Սարգսյանը կալանավորվել են։

Այս ֆեյքի գործով կալանավորված Արա Սաղաթելյանը ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարն է, որը երկար տարիներ իր գործուն մասնակցությունն է բերել ադրբեջանական հակահայկական տեղեկատվական քաղաքականության դեմ պայքարին՝ հատկապես միջազգային հարթակներում։ Նրա կալանավորումը գնահատվել է որպես քաղաքական հետապնդում։

Նշենք, որ չնայած ԱԱԾ-ի աղմկահարույց ձերբակալություններին, ֆեյքը բավական ակտիվ շարունակում է իր գործունեությունը, իսկ նրա լուսանկարը շենքի վրա հրապարակել են «Ադեկվադ» միաբանության անդամները։

Արթուր Դանիելյանի վարկածով՝ ֆեյքը գտնվում է ԱԱԾ-ում, իսկ Արա Սաղաթելյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է՝ հիմքում ունենալով հակադրբեջանական քարոզչության մասնագետին չեզոքացնելու նպատակ:

Քաղաքականություն