Շողակաթ համայնքում այս պահին հանձնաժողովը ճշտում է երկրաշարժի հասցրած վնասի չափը

Գեղարքունիքի մարզի Շողակաթ (Շորժա) համայնքում հին շինությունների պատեր են փլուզվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շողակաթի համայնքապետ Սուլիկո Շուշանյանը։ 

«Այսօր առավոտյան նույնպես ցնցումներ են զգացվել, բայց թույլ էին, երեկվա նման ուժեղ չէին: Համայնքում հին շինությունների` գոմերի, տների պատեր են փլուզվել, եւ ընդհանուր որ շարժվել է, բոլոր տներին էլ վնաս հասցվել է»,-ասաց նա: 

Համայնքի ղեկավարը հայտնեց, որ այս պահին համայնքում ԱԻՆ աշխատակիցներն են աշխատում, նաեւ մարզպետարանի, համայնքապետերանի համատեղ հանձնաժողովը վնասներն է ճշտում: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում` 2-3 բալ ուժգնությամբ երկարաշարժ է այսօր գրանցվել: 

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 5-ին, Հայաստանում գրանցվել է երկրաշարժ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գեղարքունիքում՝ 6-7 բալ ուժգնությամբ։