ՀՀ թանգարաններին հրահանգ է եղել տարհանել նմուշները, Արցախում նման հրահանգ չի եղել. Գագիկ Գինոսյան

Մշակութային կորուստներն այդքան էլ հնարավոր չէ հաշվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար, Հանրային խորհրդի արդեն նախկին անդամ Գագիկ Գինոսյանը` անդրադառնալով Արցախում կորցրած մշակութային արժեքներին: 

«Պատմական եկեղեցիներ էին վերակառուցվում, պեղումներ էին իրականացվում, եկեղեցիներ էին կառուցվում, այդ արժեքները չենք կարող հաշվել: Պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության թանգարաններին հրահանգ է եղել տարհանել նմուշները, բայց ոչ Արցախում և Շուշիում, կան թանգարաններ, որ այդպես էլ մնացին ադրբեջանցիների ձեռքում, որևէ հրաման չի եղել, որևէ նմուշ չի տարհանվել »,-ասաց նա: 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ միտում է տեսնում, ինչու չի արվել, Գագիկ Գինոսյանն ասաց. «Ինչու պատերազմում պարտվեցինք, ինչու եղավ այդպիսի խուճապ, ինչու չկազմակերպվեց մոբիլիզացիա, այդ բոլոր շարքերը ինչուների շարունակությունն է, այդ հարցը պետք է տրվի Հայաստանի, Արցախի իշխանություններին և միակ պատասխան իմացողներն իրենք են»: 

Գագիկ Գինոսյանը նշեց, որ միթե մշակույթ սպանել չէ, երբ որ ծննդատուն է ռմբակոծվում, կամ ֆոսֆորային ռումբեր են արձակվում, և այդ ամենի համար ևս մենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան չենք դիմել: «Դա ակնհայտորեն ազգի տականք է, որ ելել է ջրի երես: Ակնհայտ էր, որ պարտությունը կանխամտածված էր, ցավոք, փաստերը կոծկվում են: Հիմա էլ գոնե կարող ենք դիմել Մարդու իրավունքների դատարան, արդեն գրեթե չորս ամիս է, որ պատերազմն ավարտվել է»,-ասաց նա: 

Գագիկ Գինոսյանը նշեց, որ դեռ այն ժամանակ պետք էր քայլեր անել, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչում էր քոչարին ադրբեջանական ժառանգություն: «Մշակույթը արժևորել կարող են մշակույթ կրողները, և եթե երկրի իշխանությունները, պատասխանողները հակամշակութային կերպարներ են, որոնք ուղղակի նպաստում են ազգային մշակույթի ոչնչացմանը և ապազգային դրսևորումների, չեմ կարծում, որ իրենք պետք է պաշտպանեին մեր ունեցածը: Դա միշտ է եղել, որևէ ընթացքում մշակույթը չի կարևորվել: Մշակույթը կարևորվում է  ոչ թե թուրքի ձեռքը չթողնելով, այլ կարևորվում է, երբ քո պաշտոնական հյուրին չես տանում լսելու ջազ, այլ տանում ես ազգայինը լսելու: Այսօր է պետք բարձրաձայնել վաղվա կորուստների մասին, ոչ թե կորցնելուց հետո»,-ասաց նա: 

 

Պատահարներ