Աբովյանը շուտով նոր մարզադաշտ կունենա. ՀՖՖ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է սկսել Աբովյանի քաղաքային մարզադաշտի շինարարությունը։ Հիմնանորոգման նախագիծը պատրաստ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Տեղադրվելու է նոր խոտածածկ, վերանորոգվելու են մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները, բարեկարգվելու են մարզադաշտի հարակից տարածքները. կառուցվելու է մարզումային փոքր խաղադաշտ: Ըստ նոր նախագծի՝ արևելյան տրիբունան կունենա ծածկ։ Հետագայում նախատեսվում է նաև տեղադրել լուսավորություն»,– նշված է հաղորդագրության մեջ:
Շահագործման հանձնվելուց հետո մարզադաշտը կհամապատասխանի ՈւԵՖԱ-ի երկրորդ կարգին: Նշանակում է, որ այստեղ հնարավոր կլինի անցկացնել ինչպես Հայաստանի Բարձրագույն խմբի, այնպես էլ միջազգային հանդիպումներ, մասնավորապես, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների և Եվրոպա լիգայի որակավորման փուլի (մինչև երկրորդ փուլի), Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականների մասնակցությամբ հանդիպումներ: