
«Труп, оружие, пленники?». ռուս խաղաղապահները խաղաղ դեմքով՝ հայ վարորդներին. Aravot

«Труп, оружие, пленники ?»,-անտարբեր տոնով հարցնում է ռուս խաղաղապահ-զինծառայողը Շուշի-Ստեփանակերտ անցակետում: Չես հասցնում մարսել հարցերը, երբ հավատալով վարորդի ազնիվ խոսքին, որ թվարկածից որեւէ մեկը ավտոմեքենայում չկա, խաղաղապահն ասում է՝ անցե՛ք ու բարի ճանապարհ է մաղթում: Հարցուփորձ են անում նաեւ՝ փոխադրամիջոցում քանի մարդ կա, ո՞ւր են գնում եւ որտեղի՞ց են գալիս, պատմում է Aravot.am-ը:
Հենց այս անցակետում է, որ շատ մոտիկից ադրբեջանցի զինծառայողների էլ ենք հանդիպում: Մի ճանապարհը դեպի Շուշի է տանում: Մյուսը՝ Ստեփանակերտ: Երեւանից գալիս ադրբեջանցիների հենակետը ճանապարհի աջ հատվածում է տեղակայված, Ստեփանակերտից դուրս գալիս՝ ձախ: Ադրբեջանցի զինվորները, ճիշտ է, պատնեշի հետեւում են կանգնած, բայց այն այնքան բարձր չէ, որ հայերի ու ռուս խաղաղապահների անցուդարձը չերեւա: Եթե ավտոմեքենայում երիտասարդ տղամարդիկ են լինում, ադրբեջանցի զինծառայողներից ոմանք քթների տակ ինչ-որ արտահայտություններ են իրենց թույլ տալիս:
Մեր տղաներն էլ, այսպես ասած՝ տակ չեն մնում՝ պատասխանում են՝ թեկուզ ժեստերով: Այսինքն՝ հակամարտություն կա, բայց լուռ է: Սակայն, ընդհանուր առմամբ, ճանապարհին իրավիճակը խաղաղ է, լարվածություն չկա: Միայն նրանք են լարված լինում, որոնք պատերազմից հետո առաջին անգամ գնում են Արցախ: Հատկապես՝ Հայաստանի սահմանների «ճշգրտումներից» հետո, թվում է՝ ամեն սարի գլխին ադրբեջանցիներն են կանգնած կամ ամեն թփի տակից դուրս են գալու՝ անկախ այն բանից, որ այդ սարերն ու թփերը հայկական տարածքում են: Երեւի դա էր պատճառը, որ գրեթե ամեն օր Երեւան-Ստեփանակերտ գնացող-եկող մեր վարորդին ճանապարհի «կասկածելի» հատվածներում հարցնում էինք՝ էս սա՞րն էլ է մերը, էս ծա՞ռն էլ է մերը:
Լրատվամիջոցը նշում է, որ ընդհանուր առմամբ, մինչեւ Ստեփանակերտ հասնելը 6-7 զինվորական անցակետ կա: Առաջին անցակետը, որտեղ ավտոմեքենաներն ու քաղաքացիները ուժեղացված ռեժիմով ստուգում են անցնում, Գորիս-Լաչին ճանապարհին է՝ չհասած Բերձոր:
Այստեղ հսկողությունն իրականացնում են հայ սահմանապահները, պարտադիր ստուգում են մեքենայում գտնվողների բոլորի փաստաթղթերը, ավտոմեքենաները՝ նույնպես: Փաստաթղթի, մասնավորապես՝ անձնագրի բացակայության դեպքում, չափահաս քաղաքացին կարող է խնդիրներ ունենալ, անգամ՝ ստիպված լինել հետ դառնալ: Բացատրում են՝ արցախցիների անվտանգության համար է: Երկրորդ անցակետը Արցախի մաքսակետում է տեղակայված, այստեղ նույնպես ռուս խաղաղապահներն են: Պատերազմից հետո մաքսակետը դեռեւս չի գործում:
Երրորդը Բերձորում է, այսպես ասած՝ «կոլցեվոյում»: Այստեղ խաղաղապահներն ընդլայնված կազմով են Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովում: Ավելի շատ տեխնիկա կա, քան սովորական անցակետերում ու ճանապարհի այլ հատվածներում: Այստեղ էլ՝ ինչպես Շուշիի հատվածում, օրվա կամ շաբաթվա ընթացքում ճանապարհը փակելու անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի ադրբեջանական զինվորների հերթափոխն անցնի: Եթե Շուշիի անցակետում ադրբեջանցիներն իրավունք ունեն մեքենայից իջնել, իրենց տարածքում քայլել, ապա Բերձորի «կոլցեվոյում» ադրբեջանցիներին արգելված է մեքենայից իջնելը: Ռուս խաղաղապահները երկու կողմից շրջափակում են՝ մինչեւ շարասյունը անցնի:
Մնացած անցակետերը՝ ռուս խաղաղապահներով տեղակայված են Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհի տարբեր հատվածներում, որտեղ մեքենաները չեն էլ կանգնեցնում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
