Աստված չանի 2-ից հետո գան, տղերքը զինված սպասում են. Շուռնուխի գյուղապետ

«Ում ձեռքին զենք կա, եկեք մեր հողն ու ջուրը պահենք»։ Այս կոչով Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը երեկ դիմել էր գյուղի բնակիչներին՝ հորդորելով պահել իրենց պապական հողն ու ջուրը։ Շուռնուխի կեսը, մեկ տասնյակից ավելի բնակարաններ անցնելու են ադրբեջանական կողմին։ Այսպես է որոշվել Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտնի հայտարարությունից հետո։ ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչն ասել է, որ մինչեւ հունվարի 2-3-ը գյուղացիները կմնան իրենց տներում։ Թե դրանից հետո ի՞նչ է լինելու,  Yerkir.am-ը փորձեց պարզել Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանից։

 

-Պարո՛ն Արշակյան, փաստորեն, շուռնուխցիներին այս անգամ էլ ժամանակ են տվել թողնելու տները մինչեւ հունվարի 2-3-ը։  Իսկ դրանից հետո ի՞նչ է լինելու։

-Անորոշ է, անորոշ կարգավիճակ։ Էրեխեքն իրենց տանը պիտի արխային քնեն՝ մինչեւ նշված ժամանակը։

-Գյուղացիները կհեռանա՞ն:

-Նրանք գնալով ավելի վճռական են դառնում։

 

-Մարդկանց կոչ էիք արել պահել իրենց իրենց հողն ու ջուրը։ Մինչդեռ վարչապետն անձամբ է ասել, որ նոր սահմանազատմամբ այդ տները հայտնվում են ադրբեջանցիների տարածքում։ Ի վերջո, նրա որոշմամբ են հիմա ադրբեջանցիները Շուռնուխում։ Սյունեցիների միակ հույսը, փաստորեն, համայնքապետերն են։ Չե՞ք մտածում, որ Ձեզ էլ կկալանավորեն, ինչպես արեցին մյուս համայնքապետերի դեպքում։

-Վաղը, մյուս օրը կարող է ինձ էլ կալանավորեն։ Եթե կառավարության համար համայնքապետը խոչընդոտ է, վերացնում են իրենց ճանապարհի բոլոր խոչընդոտները։ Այսօր դա են անում, վաղը գուցե ես խոչընդոտ դառնամ, ասեն՝ ի՞նչ զորք ես հավաքել գլխիդ, քո մի կտոր հողն ուզում ես պաշտպանե՞լ։ Ամեն ինչ հնարավոր է։ Ամեն դեպքում՝ տղերքը այստեղ են, եկել են, տրամադրությունները տեղն է՝ չիմանալով, թե հետոն ինչ է լինելու։ Ուղղակի գյուղացիներին խնդրել ենք՝ իրենց վերջին զակատը, որ պիտի խոխեքը ուտեն, հանեն տներից, որովհետեւ ամսի 2-ից հետո չգիտենք՝ ինչ ա կատարվելու։ Տղերքն ամեն դեպքում կազմ ու պատրաստ են։

Ավելին սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն