Պատերազմից կարող էինք խուսափել. Վիտալի Բալասանյանը՝ սխալների ու անելիքների մասին
Կարող էինք խուսափել պատերազմից: Այս մասին հայտարարել է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Բալասանյանի խոսքերով, ՀՀ իշխանություններն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, սխալ քաղաքականություն է վարել. «Անհրաժեշտ էր, որպեսզի Արցախն իր սեփական քաղաքականությունը վարեր՝ իհարկե համագործակցելով, համաձայնեցնելով ՀՀ քաղաքական ու ռազմաքաղաքական ղեկավարության հետ:
Ցավոք, չկարողացանք դա անել:
2020 թվականի ընտրություններից հետո Արցախի Հանրապետության սուբյեկտայնության խնդիր կար: ՀՀ ռազմաքաղաքակական իշխանությունն ամեն ինչ պետք է աներ, որպեսզի Արցախը որպես սուբյեկտ կայանար»:
«ՀՀ ղեկավարությամբ վարած սխալ քաղաքականության արդյունքում այլընտրանքը պատերազմն էր: Իմ բոլոր վերլուծությունները տանում էր դրան, որ Ադրբեջանի ու Թուրքիայի այլընտրանքը պատերազմն էր»,-ասաց նա:
Բալասանյանը խոսեց նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ հայտարարելով, որ Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունները եղել են այնքանով որքանով. «Գեոպոլիտիկան սրընթաց, անկանխատեսելի զարգացումներ է ունենում:
Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում, մենք պետք է ճկուն քաղաքականություն վարեինք Իրանի ու Ռուսաստանի հետ, որը միտ եղել է մեր բարեկամական, ռազմավարական գործընկերը:
Մենք դա չկարողացանք:
Այնպես չէ, որ ամեն ինչ կորցված է Հայաստանի ու Արցախի համար: Ես մեծ ցավ եմ ապրում, երբ մենք խոսում ենք նահատակների մասին, բայց Արցախի Հանրապետության տարածքն ավելի վատ վիճակում չէ, քան 1991-93 թվականների հունիս ամիսը ներառյալ:
Մենք պետք է ճիշտ վերլուծություններ անենք, դասեր քաղենք ու սկսենք գործընթացը թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի հետ՝ կոնկրետ որպես սուբյեկտ հանդես գալով»:
Արցախի ԱԽ քարտուղարը նշել է, որ Արցախը որպես սուբյեկտ եռակողմ հայտարարության մեջ չկա. «Ես ուզում եմ միաժամանակ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը՝ ի դեմս Վլադիմիր Պուտինի:
Ես ինֆորմացված եմ, որ Ռուսաստանը, երբ պատերազմը սկսվեց, ամեն օր փորձել է կանխել այն: Այն կանխվեց, բայց տարածքային, մարդկային ու այլ մեծ կորուստներով:
Ես շնորհակալություն եմ հայտնում կոնտինգենտին, որը գտնվում է Արցախում: Մենք պաշտոնական համագործակցում ենք: Մենք գիտենք, թե որտեղ են տեղակայվել, որտեղ տեղակայվելու են համաձայնեցվում է Արցախի քաղաքական իշխանությունների հետ: Մեր համագործակցությունը հավասարը հավասարի հետ է»: